Այսօր յուրաքանչյուր դպրոցականի համար մասնագիտություն ընտրելու խնդիրն արդիական է և անխուսափելի: Դիմորդներին մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելու գործում ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետը հաճախ է կազմակերպում հանդիպում-քննարկումներ և տեղում ծանոթացնում ֆակուլտետի մասնագիտություններին:
Հեռուսատառադիոլրագրության ամբիոնի նախաձեռնությամբ Կուլտուրայի ֆակուլտետ էին այցելել Երևանի մշակույթի պետական քոլեջի և ՀՊՄՀ-ի Հենակետային /ավագ դպրոց/ վարժարանի լրագրության և ռեժիսուրայի հոսքերի աշակերտները՝ մանկավարժական կոլեկտիվի ուղեկցությամբ:
Մինչ հանդիպման մեկնարկը, դպրոցականները դիտեցին հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ, սցենարիստ Լևոն Գալստյանի և ռեժիսոր Արթուր Բախտամյանի համատեղ նկարահանած «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը: Այնուհետև ապագա լրագրողներն ու ռեժիսորները քննարկեցին ֆիլմը, հայտնեցին կարծիքներ և ներկայացրին առաջարկներ:
Աշակերտների այցը համալսարան ողջունեց ֆակուլետի դեկան Գևորգ Թադևոսյանը՝ հակիճ ներկայացնելով ֆակուլտետի պատմությունը, ավանդույթները, հիմնական ուղղություններն ու առաքելությունը: Դեկանը հույս հայտնեց, որ ներկաներից շատերն արդեն նոր ուսումնական տարում կլինեն ֆակուլտետի ուսանողներ:
Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը, խոսելով մասնագիտական կողմնորոշման մասին, ընդգծեց՝ առավել արդյունավետ է, որպեսզի դիմորդները հենց տեղում առարկայական զրույցի միջոցով ծանոթանան ֆակուլտետի մասնագիտություններին, ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Ամբիոնի դասախոս, ռեժիսոր Արթուր Բախտամյանը պրակտիկ ներկայացրեց լրագրության դասապրոցեսի ողջ ընթացքը, խոսեց ուսումնառության ընթացքում լրագրող-ուսանողների ձեռբերումների մասին և ընդգծեց, որ վերջիններիս ջանքերով նրանք այսօր ունեն առանձին կայք, որտեղ տեղ են գտնում իրենց հոդվածները: Դիմելով աշակերտներին՝ դասախոսը նշեց, որ նրանք ևս հնարավորություն ունեն մինչ համալսարան ընդունվելը իրենց հրապարակումները տեղադրել տվյալ կայքում: «Հուսով եմ, որ գործնական այս հանդիպումը կտա իր պտուղները: Ուր էլ լինեք՝ հիշեք, որ պետք է համատեղել աշխատանքն ու կրթությունը, ժամանակ առ ժամանակ զարմացնեք ինքներդ ձեզ՝ նկատելով անձնական ու մասնագիտական աճը»,- ամփոփեց Արթուր Բախտամյանը
«Հեռուստալրագրությունը նման է հավերժական սիրո, որից բաժանվելն այլևս անհնար է. դա սեր է, որը շատ ամուր է և անկախ ամեն ինչից, որևէ կերպ անպայման դրսևորվում է: Սա այն եզակի մասնագիտությունն է, որին նվիրվում ես, և այդ նվիրումը քեզ այնպայման վերադարձվում է: Այս ֆակուլտետ ընդունվում են նրանք, ովքեր ունեն հստակ առաքելություն, նպատակ, ձգտում և սեր»,- նման կոչով ուսանողներին ողջունեց նույն ամբիոնի դասախոս, հեռուսառադիոլրագրության բազմաթիվ գրքերի հեղինակ Սերգո Երիցյանը: Անդրադառնալով աշխատաշուկայի պահանջներին՝ պրոֆեսորը նկատեց, որ այսօր լրատվամիջոցների և լրագրության ոլորտում առկա մրցակցության մեջ անհրաժեշտ է լինել ունիվերսալ՝ դրանում հաղթելու համար:
Սերգո Երիցյանն ընդգծեց, որ ֆակուլտետում դասավանդում են ոլորտի ամենափորձառու մասնագետները. «Եթե մանսագետների այս աստղաբույլից վերցնեք ձեզ անհրաժեշտ գիտելիքներն ու փորձառությունը, ապագայում կդառանաք հրաշալի լրագրողներ, հավերժական սիրո մասնակիցներ ու կրողներ: Մենք ուզում ենք, որպեսզի մեզ փոխարինեն արժանիները: Բուհում ուսուցումն արվեստանոցային է. այստեղ տեսական և գործնական գիտելիքները համադրվում են»,-ընդգծեց Սերգո Երիցյանը:
Աշակերտներին հնարավորություն ընձեռվեց նաև ցանկության դեպքում ներկա լինել դասապրոցեսին. ճանաչողական այցի շրջանակում նրանք շրջեցին ֆակուլտետում, եղան Արմեն Հովհաննիսյանի անվան հեռուստաստուդիայում: