Մանկավարժական համալսարանի Գիտահետազոտական կենտրոնը շարունակում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ:
Այսօր մեկնակեց բուհի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի և Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնների մասնագիտական վերապատրաստման գործընթացը:
Առաջին անգամ մասնագիտական առարկաները կդասավանդեն Ռուսաստանի` այդ ոլորտում մեծ ճանաչում ունեցող դասախոսներ: Երկշաբաթյա առցանց վերապատրաստումներին կմասնակցի շուրջ 40 դասախոս:
Վերապատրաստող մասնագետներից են` Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի Կլինիկական և հատուկ հոգեբանության ֆակուլտետի Հատուկ հոգեբանության և վերականգնման ամբիոնի պրոֆեսոր Տատյանա Բասիլովան, Ղրիմի Վ.Ի. Վերնանդսկու անվան պետական համալսարանի Դևիանտ վարքի մանկավարժության և սոցիալ-մանկավարժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Յուլյա Գլուզմանը, Նովոսիբիրսկի պետական համալսարանի Մանկության ինստիտուտի Շտկողական մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, Հաշմանդամություն ունեցող սովորողների աջակցության ռեսուրս կենտրոնի ղեկավար Օլգա Պիսկունը, Ռուսաստանի կրթության ակադեմիայի «Ռուսաստանի շտկողական մանկավարժության ինստիտուտի» փորձագիտական խորհրդի անդամ Իրինա Սալոմատինան:
Նշենք, որ բացի մասնագիտական առարկաներից, վերապատրաստումներում ներառված են նաև ուսուցման ժամանակակից մեթոդների և կրթության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող առարկաներ:
Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանն www.old.aspu.am-ի հետ զրույցում նշեց` թեև վերապատրաստումներն անցկացվելու են հեռավար, սակայն հույս ունենք, որ դրանք կլինեն արդյունավետ. «Կարծում ենք, որ առաջին հաջողված փորձը կարող է նախադեպ լինել` հետագայում միջազգային վերապատրաստումներ կազմակերպելու համար»: