Յուրաքանչյուր մեկը կյանքում կատարում է ընտրությունը, որը որոշիչ և ճակատագրական է լինում ամբողջ կյանքի համար․ դա մասնագիտական ընտրությունն է․ «Այսօր դուք գտնվում եք մի կարևոր հանգրվանում, որ պետք է որոշեք ձեր ապագան»,-այսօր մանկավարժական համալսարանում հավաքված մոտ 300 դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հարությունյանը։ Նա նախ նկատեց, որ ինքնուրույն է ընտրել մասնագիտությունը և երջանիկ է իր ընտրության համար, ապա նաև ավելացրեց, թե որքանով է մասնագիտական ճիշտ ընտրությունը կարևոր ապագայի ձևավորման և առաջընթացի համար։
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր համապետական ընդգրկում ունեցող տեղեկատվական միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց բուհի ուսումնական գործընթացների կազմակերպման կարևորությունը, կառուցվածքը՝ ֆակուլտետներն ու մասնագիտությունները։
Մարիաննա Հարությունյանը ապագա դիմորդներին տեղեկացնելով, որ թիվ մեկ մասնագիտությունն ուսուցչինն է՝ կարևորեց գիտակցված ընտրությունը․ «Այսօրվա ուսուցիչը առաջվանը չէ․ այսօր ուսուցիչը և՛ հետազոտող է, և՛ ստեղծող է, և՛ արարող է, այդ առումով ուսուցիչ մասնագիտությունն այնքան բազմանկյուն է, այնքան տարողունակ ու բովանդակալից, որքան ոչ մի այլ մասնագիտություն։ Բայց դուք այն պետք է սիրեք, և ընտրությունը կատարեք գիտակցված»,- ասաց Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը։
Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանն էլ հավելեց, որ մանկավարժի գործը ամենավեհն ու առաջնայինն է, քանի որն գործ ունի սերունդների ապագայի հետ և կերտում է երկրի վաղվա օրը։ Ասատրյանի զրույցը լսարանի հետ ինտերակտիվ բնույթի էր, որը հատուկ ակտիվացրեց աշակերտներին։
Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետ Անահիտ Փանոսյանը ներկայացրեց համալսարանի միջազգային կապերն ու արտերկրում սովորելու յուրաքանչյուրին տրվող հնարավորությունը և հատուկ կարևորեց օտար լեզվի իմացությունը։ Նա ևս սեփական օրինակով նկատեց, որ կարելի է սովորել մանկավարժական համալսարանում, բայց տարբեր ծրագրերով ուսումնառություն անցնել արտասահմանյան բուհերում։
ՈւԽ նախագահի քարտուղար Նոնա Խաչատրյանը ներկայացրեց ՀՊՄՀ մասնագիտությունները, իսկ ՀՊՄՀ շրջանավարտ Սոնա Խաչատրյանը սեմինար անցկացրեց Մեդիագրագիտության մասին։ Համալսարանի առավելություններն ու թերությունները ներկայացրեց ՈւԽ փոխնախագահ Համլետ Պետրոսյանը, Ուսումնագիտական ընկերության նախագահ Մարգարիտա Շահնազարյանը խոսեց իրեց կառույցի կարևորության մասին, իսկ ՈՒԳԸ կազմակերպած խաղ-վիկտորինան բավականին ակտվիացրեց մարզերի և Երևանի դպրոցներից Մանկավարժական համալսարան եկած աշակերտներին։
Համալսարանի Պրակտիկայի կենտրոնի գործունեությունը ներկայացրեց կենտրոնի մասնագետ Գարունա Երանոսյանը, ինչպես նաև ուսանողներ և ֆակուլտետների պրակտիկայի մեթոդիստները։
ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, ում մտահղացումն էր հանրապետության մասշտաբով նման տեղեկատվական հանդիպում կազմակերպելը, ներկայացրեց ուսանողական խորհրդի գործունեությունը, կարևորությունը, խոսեց ուսխորհրդականների գործառույթների, առօրյայի մասին, իսկ Մաիամ Սարգսյանը աշակերտներին բացատրեց, թե ինչու և ինչպես կարելի է դառնալ ուսխորհրդական։
Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառմանը հատուկ բովանդակություն հաղորդեց բուհի շրջանավարտ, այժմ ասպիրանտ Արեն Ալավերդյանի ժեստերի լեզվի դասընթացը, որի ընթացքում աշակերտները սովորեցին «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք» երգը՝ սուրդոթարգմանությամբ։
Մադլեն Մինասյանն էլ կրկին ակտիվացրեց աշակերտներին՝ հետաքրքիր խաղ-վիկտորինայով, որի հաղթողները ստացան նվերներ:
«Նման միջոցառումները չափազանց կարևոր են մասնագիտական կողմնորոշման համար, և դրանք պարբերական բնույթ կկրեն»,-old.aspu.am-ի հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչ, ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Պարույր Գալստյանը, ով բավարարված էր անցկացված միջոցառման արդյունքներից։
Ի դեպ, ամեն ֆակուլտետ ներկայացրել էր իր տեղեկատվական սեղանը, որի շուրջ աշակերտները խոսում էին իրենց հետաքրքրող մասնագիտություններից ու թեմաներից, ստանում սպառիչ տեղեկատվություն։