Սեպտեմբերի 26-30-ը Ստավրոպոլի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում անցկացվեց «Ռուսերենի՝ որպես ոչ մայրենի/օտար լեզվի դասավանդման արդիական հիմնախնդիրները. ռուսաստանյան և արտասահմանյան փորձ» խորագրով միջազգային մեթոդական գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցում էր ավելի քան 100 փորձագետ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզըստանից, Սիրիայից, Սլովենիայից և այլ երկրներից։
Գիտաժողովում զեկուցումով հանդես եկավ նաև ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի մասնագետ, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սոնա Սարաջյանը։
Վերջինս ներկայացրեց «Ռուսաց լեզվի դասավանդման որոշ հիմնախնդիրներն ու միտումները ՀՀ հանրակրթական համակարգում» թեման։ Բանախոսն անդրադարձավ ՀՀ-ի հանրակրթական համակարգում ռուսաց լեզվի ներկա վիճակի ձևավորման նախադրյալներին ու պայմաններին, ինչպես նաև՝ ժամանակի պահանջներին համապատասխան ռուսաց լեզվի ուսուցմանն ու դասավանդման ոլորտի հեռանկարներին։
ՀՊՄՀ-ն և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը համագործակցում են 2014 թվականից․ բուհերի միջև գործում է համագործակցության հուշագիր։
Մանկավարժականի ներկայացուցիչը Ստավրոպոլ կատարած այցի ժամանակ հանդիպումներ է ունեցել նաև բուհի ղեկավար և դասախոսական կազմի հետ․ քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր։