Ապրիլի 24-27-ը Էրազմուս+ ARMDOCT ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում անցկացվեցին վերապատրաստումներ։ Դրանց մասնակցում է ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, ԿԳՄՍ նախարարության, հետազոտական ինստիտուտների ավելի քան 60 ներկայացուցիչ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ:
Մանկավարժական համալսարանից վերապատրաստմանը մասնակցում է ծրագրի աշխատանքային խումբը՝ Աշխատակազմի և միջազգային համագործակցության, Ուսումնագիտական գծով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանն ու Մարիամ Իսպիրյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը։
Բուհի ներկայացուցիչները ծանոթացան Ֆրանսիայում դոկտորական կրթության կազմակերպման գործընթացին, դոկտորական ծրագրերի նորարարական և միջառարկայական կառուցվածքներին, ինչպես նաև ներկայացրին ծրագրի գործընկեր՝ հայաստանյան բուհերում ներդրվող դոկտորական դպրոցները։
Կլոր սեղան-քննարկումների շնորհիվ հնարավոր եղավ ապահովել հետադարձ կապ և տեղեկանալ եվրոպական գործընկերների դոկոտորական դպրոցների վերաբերյալ:
Ի դեպ, Էրազմուս+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ում գործարկվելու է Հատուկ և ներառական կրթության դոկտորական դպրոց:
Դպրոցի շրջանակներում կուսումնասիրվեն առանցքային հետազոտական հետևյալ ուղղությունները՝ հատուկ կրթություն և նյարդաբանություն, կինեզոթերապիա, հոգեբանություն, նեյրո, հոգելեզվաբանություն, հատուկ կրթության և օժանդակ տեխնոլոգիաների զարգացում և այլն:
Դոկտորական դպրոցի խնդիրներից է լինելու խթանել միջդիսցիպլինար և միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների համար առանձնահատուկ այս ոլորտում հետազոտական անհրաժեշտ միջավայր և ռեսուրսներ ապահովելու նպատակով։