Մանկավարժական համալսարանի 5 ուսանող սեպտեմբերի 15-25-ը մասնակցեց Մոսկվայի պետական մանկավարժահոգեբանական համալսարանի կազմակերպած «Աշնանային դպրոց» ծրագրին: Ուսանողներից երեքը բակալավրի կրթական ծրագրով սովորող հոգեբաններ էին, երկուսը՝ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի էրգոթերապիա և հատուկ մանկավարժ մասնագիտության մագիստրոսներ:
Ուսումնական և մշակութային առօրյան հագեցած էր դասախոսություններով և այցելություններով տարբեր մշակութային կենտրոններ:
Հայ ուսանողները հնարավորություն ունեցան լսելու ՀՊՄՀ գործընկեր համալսարանի առաջատար ու հայտնի հոգեբանների դասախոսությունները ոլորտի խնդրահարույց հարցերի ու գիտական նորությունների մասին, միաժամանակ ծանոթացան բուհի գործունեությանը:
«Շատ օգտակար էին հատկապես թրեյնինգներ անցկացնելու գործնական պարապմունքները»,-ասում է ծրագրի մասնակից, մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, էրգոթերապիստ Լիլիա Օսիպովան:
Ուսանողները հատկապես տպավորված են մոսկովյան համալսարանի դասախոսների՝ հոգեբանության տարբեր ոլորտներին վերաբերող դասընթացները գիտական բարձր մակարդակով մատուցելուց և ուսանողների հետ փոխգործակցության շփումներից:
Մեր ուսանողների համար կազմակերպվել են նաև այցելություններ Կրեմլի թանգարան, Հոգեբանության թանգարան, Ա. Կալյագինի ղեկավարած Մոսկվայի «Et-Cetera» թատրոն, ուսանողները Կոնսերվատորիայում ներկա են գտնվել սիմֆոնիկ համերգի: