ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «Աշնանային դպրոց» ծրագրին
31.10.2022
Մասնակցեցին «Աշնանային դպրոց» ծրագրին

Հոկտեմբերի 24-29-ը Ստավրոպոլում կայացավ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՌԴ) կազմակերպած «Ազգային տնտեսական համակարգերի զարգացման միտումները գլոբալ վերափոխումների դարաշրջանում» խորագրով «Աշնանային դպրոց-2022» ծրագիրը։

Հայկական պետական մանկավարժական և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանների համագործակցության շրջանակներում ծրագրին մասնակցեցին նաև Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Չոբանյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Գրիգոր Սմբատյանն ու Արամ Խաչատրյանը։

Խոսելով ծրագրի արդյունավետության մասին՝ աբովյանականներն ընդգծեցին՝ մասնակցել են մի շարք թրեյնինգների, հետաքրքիր քննարկումների, սեմինարների, տարբեր ոլորտների վերաբերյալ հարստացրել իրենց գիտելիքները, իսկ ամենակարևորը՝ ձեռք բերել նոր ընկներներ։

Մանկավարժականի ուսանողներն ուրախությամբ են նկատում՝ պատվով են ներկայացրել մեր երկիրը, առանձնահատկությունները, ինչպես նաև 100-ամյա պատմություն ունեցող մանկավարժական բուհը, տարեգրությունն ու առաքելությունը․«Ծրագրի մասնակիցներից շատերը ցանկություն հայտնեցին ժամանել մեր երկիր, տեղում ծանոթանալ հնամենի երկրի պատմամշակութային վայրերին, լինել Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող գիտակրթական կառույցում։ Կարևոր էր նաև Ստավրոպոլի պատմությանը, հետաքրքիր դրվագներին ծանոթանալը, տարբեր տեսարժան վայրեր այցելելը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին ծրագրի մասնակիցներն ու հույս հայտնեցին, որ իր ձևաչափով և գերհագեցած ծրագրով տարբերվող «Աշնանային դպրոց»-ը կլինի շարունակական։