ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին DeSIRe նախագծի մեկնարկային աշխատաժողովին
27.02.2024
Մասնակցեցին DeSIRe նախագծի մեկնարկային աշխատաժողովին

Կայացավ «Էրազմուս+»-ի «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի պաշտոնական մեկնարկը։  


Նախագծի հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանի, Վրաստանի և եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակից Գոհար Առաքելյանը։

DeSIRe նախագծի նպատակը Հայաստանում և Վրաստանում ազգային կրթական համակարգերի զարգացման խթանումն է՝ կապված փափուկ հմտությունների վրա հիմնված դասավանդման և ուսուցման մեթոդաբանության, ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետ։

Նախագիծը, որում ներգրավված է նաև Մանկավարժական համալսարանը, նպատակ ունի ակադեմիական գիտելիքի և հմտությունների որակի բարձրացման միջոցով բարելավել ուսանողների կարիերայի հեռանկարները, 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան խթանել մրցունակությունն ու ձեռնարկատիրական հմտությունները, աջակցել արդյունավետորեն հաղթահարելու մասնագիտական և առօրյա կենսագործունեության մարտահրավերները:

«Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագիրը համակարգող բուհի՝ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն իր խոսքում բարի ընթացք և արդյունավետ գործունեություն մաղթեց նախագծի մասնակիցներին։

Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու, մասնագիտական ողջ ներուժը ներդնելու, համալսարանական կրթությունն աշխատաշուկայի պահանջներից բխեցնելու կարևորագույն գործում ներգրավվելու համար։

Պաշտոնական մեկնարկին հաջորդեց աշխատատաժողովը։ DeSIRe նախագծի գործընկեր կառույցները առկա և հեռավար ձևաչափով ներկայացրին իրենց աշխատանքային փաթեթները, եղավ հարց ու պատասխան։