ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «eCAMPUS» նախագծի համաժողովին
17.02.2025
Մասնակցեցին «eCAMPUS» նախագծի համաժողովին

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորությամբ բուհի ներկայացուցիչները մասնակցեցին «Erasmus+» ծրագրի «eCAMPUS» նախագծի համաժողովին։

«eCAMPUS» նախագծում ընդգրկված են ոչ միայն հայաստանյան բուհեր, այլև արտերկրի տարբեր համալսարաններ՝ Մադրիդի ինքնավար, Լիսաբոնի, Ջենովայի, Թագավորական տեխնոլոգիկական ինստիտուտը, ինչը հնարավորություն է տալիս ստեղծելու փորձի փոխանակմանը և թվային կրթության ոլորտում համատեղ զարգացմանը նպաստող միջազգային համագործակցություն։

«Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷԿԱՄՊՈՒՍ» խորագրով երկօրյա համաժողովի նպատակն էր քննարկել և ներկայացնել հայաստանյան բուհերում սոցիալական հեռավորության պահպանման և կրթական համակարգում ներառականության բարձրացման գործընթացը, անդրադառնալ առցանց և թվային կրթության որակին առնչվող խնդիրների լուծմանը։

«eCAMPUS» նախագծի իրականացումը կնպաստի ինչպես կրթական համակարգի բարելավմանը, այնպես էլ կրթության ոլորտում նորարարական լուծումների ներդրմանը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի համատեղել սոցիալական հեռավորության պահպանումը և ուսանողների ներառականության մակարդակի բարձրացումը: Նախատեսված են հատուկ ծրագրեր և դասընթացներ, որոնք ուղղված են ինչպես սոցիալական հեռավորության պահպանմանը, այնպես էլ կրթական համակարգի ներգրավվածությանը՝ ներառելով մի շարք նորարարական ուսուցման ձևեր։

«eCAMPUS» նախագծի շրջանակներում առաջարկվում են նորարարական լուծումներ՝ կապված համընդհանուր հեռավար համակարգերի, ուսումնական ու տեխնոլոգիական հարթակների ստեղծման հետ, որոնք կապահովեն ավելի մրցունակ ու համախմբված կրթական միջավայր։ Նախագիծն էական ազդեցություն կունենա ինչպես կոնսորցիումի անդամ հաստատությունների, այնպես էլ ավելի լայն՝ ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային շրջանակների վրա։

Ազգային մակարդակում նախագիծը կնպաստի թվային ԴՈՒԳ-ի համար նախատեսված թվային հմտությունների շրջանակի և ազգային հավաստագրման ծրագրի ներդրմանը։ Նախագծի շրջանակում կվերանայվեն թվային ԴՈՒԳ-ի համար որակի ներքին ապահովման չափորոշիչները, կմշակվեն բենչմարկինգի (համեմատական) չափորոշիչներ էլեկտրոնային ուսուցման մուլտիմեդիա հարթակների համար և կսահմանվեն ընդհանուր դասընթացների գրանցման և ուսանողների առաջընթացի էլեկտրոնային հարթակի ձևավորման պահանջները։ Եվրոպական մակարդակում նախագիծը կնպաստի լավագույն փորձի փոխանակմանը, գործընկերային ուսուցմանը և շահառուների միջև գործակցային կապերի ընդլայնմանը։

Նախագծի արդյունքում՝ ինստիտուցիոնալ մակարդակում Հայաստանի բարձրագույն կրթության հաստատություններից ավելի քան 120 դասախոս և վարչական աշխատակիցներ ձեռք կբերեն թվային դասավանդման, ուսուցման և գնահատման, ինչպես նաև որակի ապահովմանն ուղղված նոր հմտություններ և կարողություններ։ Բացի այդ՝ կստեղծվի գործող ազգային հավաստագրման ծրագիր՝ թվային ԴՈՒԳ կիրառող աշխատակազմի մասնագիտական շարունակական զարգացումն ապահովելու համար, ինչպես նաև տեխնոլոգիապես հագեցած ութ խելացի լսարան։