ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին երկօրյա աշխատաժողովի
06.11.2023
Մասնակցեցին երկօրյա աշխատաժողովի

Նոյեմբերի 2-3-ը Թբիլիսում կայացավ Հարավային Կովկասի 15  համալսարանների համար նախատեսված «Միջազգայնացման ռազմավարության մշակում» խորագրով աշխատաժողով:

Աշխատաժողովը կազմակերպել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Dialogue ծրագրի շրջանակներում: Հայաստանը ներկայացնում էին 5 բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային համագործակցությամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: ՀՊՄՀ-ն ներկայացնում էր Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանը:

Թբիլիսիում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ղեկավար Գեբհարդ Ռեոլն բացման խոսքում ընդգծեց նմանատիպ տարածաշրջանային աշխատաժողովների կարևորությունը՝ տարածաշրջանում ակադեմիական փոխանակման և համագործակցության խթանման տեսանկյունից:

Համալսարանների միջազգային ասոցիացիայի ծրագրերի համակարգող Իզաբել Թոմանը ներկայացրեց եվրոպական համալսարանների միջազգայնացման ռազմավարություններում ՄԱԿ-ի կայուն զարգացաման նպատակների ինտեգրման լավագույն փորձը` նշելով հատկապես որակյալ կրթության (ԿԶՆ 4), արդյունաբերության, նորարարության և ենթակառուցվածքների (ԿԶՆ 9) և գործընկերություններ հանուն նպատակների (ԿԶՆ 17) ներառման անհրաժեշտությունը համալսարանների ռազմավարություններում:

Աշխատաժողովի երկրորդ օրը ներկայացվեցին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, ծրագրերի առաջնահերթությունները, ֆինանսավորման և դիմելու գործընթացը: Ֆրանսիայի Լումիեր-Լիոն 2 համալսարանի միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Ջիմ Վոլկերը ներկայացրեց լեզվական քաղաքականության դերը և կարևորությունը բուհերի միջազգայնացման գործընթացներում, օտար լեզվի կիրառման ռազմավարության մշակման հիմնական քայլերը և գործողությունները: 

Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում մասնակիցները իրականացրին նաև բազմաթիվ խմբային աշխատանքներ: