ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին գրքի շնորհանդեսի
22.04.2024
Մասնակցեցին գրքի շնորհանդեսի

Կայացավ ՀՊՄՀ պրոֆեսոր Սերգո Երիցյանի՝ «Վլադիմիր Պոզներ․ սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» գրքի շնորհանդեսը։ Ձեռնարկին ներկա էին պրոֆեսորի գործընկերները, ուսանողները, մտավորականներ, ընկերներ, որոնց համար փորձառու լրագրողի, մանկավարժի ու գրականագետի հերթական գիրքը մասնագիտական որակի չափանիշ է։

Սերգո Երիցյանը գիրքը գրել է կյանքի վերջին 1-2 տարում՝ ամփոփելով ձեռքի տակ եղած նյութերը։ Այն տպագրվել է 2022 թվականին։ Երևանյան հանդիպումներից մեկի ընթացքում պրոֆեսոր Երիցյանը հանդիպել էր Պոզների հետ, տեղեկացրել, որ մտադիր է գրքում ամփոփել հայազգի հյուրերի հետ հարցազրույցները, լրագրության մասին հայտնի լրագրողի մտքերը։

Գիրքը նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանակի, այնպես էլ լրագրության ոլորտի ներկայացուցիչների համար, քանի որ Սերգո Երիցյանի նպատակն է եղել գրքի միջոցով զարգացնել հարցազրույցի ժանրի՝ պոզներյան տեսությունը։ Այն պատկերացում է տալիս նաև Պոզներ- Հայաստան կապի մասին, որն սկսվում է նաև նրա ամուսնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի ազգականուհու՝ Վալենտինա Չեմբերջիի հետ։ Շնորհանդեսի ընթացքում բանախոսները բարձր գնահատեցին Սերգո Երիցյանի կատարած կարևոր գործը․ այն առանձնանում է իր արդիականությամբ և նյութերի յուրատեսակ համադրությամբ։

Նրանց կարծիքով՝ գիրքը կգտնի իր ընթերցողներին, մասնավորապես՝ այն կարևոր է ապագա լրագրողների համար․ աշխարհում մեծ ճանաչում վայելող Վլադիմիր Պոզների հարցազրույցները իսկական վարպետության դաս կլինեն նրանց համար։

Նշենք, որ ՀՊՄՀ լրագրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը բազմաթիվ գրքերի, մասնագիտական ձեռնարկների, գիտական հրապարակումների հեղինակ է։ Նրա գրականագիտական և լրագրողական ծանրակշիռ վաստակում առանձնանում են տասնյակ գիտական աշխատություններ` մենագրություններ, մասնագիտական բառարաններ, ձեռնարկներ, հեռուստահաղորդումներ։