ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին հայագիտական միջազգային կոնգրեսին
14.07.2025
Մասնակցեցին հայագիտական միջազգային կոնգրեսին

Հուլիսի 9-12-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ տեղի ունեցավ Հայագիտական միջազգային կոնգրեսը:

Կոնգրեսի բացման արարողությանը մասնակցում էին մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանը, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, ՀՊՄՀ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը, համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը:

«ՀՊՄՀ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի հայագիտական գործունեության շուրջ. մարտահրավերներ և միտումներ» զեկույցով հանդես եկավ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող Քնարիկ Աբրահամյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ սփյուռքահայ և հայրենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման խնդիրներին,, մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ «Արևմտահայ լեզու և գրականություն» մագիստրոսական ծրագրի հեռանկարներին, կենտրոնի հրատարակչական աշխատանքի առանձնահատկություններին, ուսանողների ներգրավվածությանը: Նիստի վերջում տեղի ունեցավ քննարկում:

Նշենք, որ կոնգրեսին մասնակցում էին շուրջ չորս տասնյակ հայ և օտար գիտնականներ առաջատար միջազգային հաստատություններից, ներկայացուցիչներ հոգևոր-ձեռագրական կենտրոններից։