Այսօր ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հյուրընկալվել էին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում, որտեղ կայացավ թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանի «Հայկ Նահապետ» գրքի շնորհանդեսը։
Գիրքը ներկայացնում է Հայկի տոհմի պատմական նկարագիրը, հայ ժողովրդի բնօրրանի կազմավորումը։
ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը նկատում է՝ «Հայկ Նահապետ»-ը տոգորված է հայրենասիրությամբ, և պատահական չէ, որ շնորհանդեսին մասնակցում են ֆակուլտետի ուսանողները, որոնք տարիներ անց հայոց դպրոցում հայրենասիրության, մարդակերտումի, Հայաստանին նվիրված իրենց դասը պետք է տան։
Պրոֆեսոր Գալստյանը կարծում է, որ գրքի էջերում զետեղված թեմաները պետք է իրենց տեղը գտնեն նաև դպրոցական դասագրքերում․ աշակերտները, գեղարվեստական արժեքով համեմված ստեղծագործությունն ընթերցելով, պետք է նաև ճշմարտությունն իմանան։
Աշոտ Գալստյանն անդրադարձավ նաև Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի գրական հարուստ ժառանգությանը, ընդգծելով՝ երիտասարդ սերունդը պետք է ականջալուր լինի գրողի պատգամներին, ծանոթ կապուտիկյանական լեզվական գյուտերին և նոր բառակերտումներին, որոնք նույնքան կարևոր են, ինչքան այսօր ներկայացված գրական աշխատությունը։
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը պատահական չի համարում թանգարանում գրքի շնորհանդեսի կազմակերպումը․ Սիլվա Կապուտիկյանը մեծ հայրենասեր էր, հայ ժողովրդի պատմության գիտակ, զարգացած, իմաստուն ու տաղանդավոր անհատ,ինչի մասին պետք է բարձրաձայնել։
Անդրադառնալով Արմենուհի Դեմիրճյանի գրքին՝ պրոֆեսոր Դոլուխանյանը բարձր գնահատեց աշխատության պատմական, գեղարվեստական և մանկավարժական արժեքը՝ ընդգծելով դրանում տեղ գտած նյութերի ճշմարտացիությունն ու կարևորելով այլ լեզուներով տպագրելու անհրաժեշտությունը․ «Այսօր կարևոր է «Հայկ Նահապետ»-ի հրատարակումը․ պատմության ընթացքում հաճախ է փորձ արվել ոչնչացնել հայի ինքնությունը․ այդպես էր նաև հայոց նահապետի ժամանակաշրջանում, որը ազգի համար ճակատագրական ու բախտորոշ ժամանակահատվածում հաղթանակ տարավ։ Թեպետ գրքի հիմքում Մովսես Խորենացու ճշմարտապատումն է, սակայն գրողի երևակայությունը հնարավորություն է տալիս վերականգնել պատմական իրողությունն ու այդ իրադարձությունների մասնակիցը դարձնել նաև ընթերցողին»։
Բանասիրական ֆակուլտետի մագիստրոս Աննա Կոստանյանը նկատում է՝ «Հայկ Նահապետ» գրքի հեղինակ Արմենուհի Դեմիրճյանը վերգտավ, հարազատի պես ընդունեց իր հերոսներին, թևութիկունք դարձավ, կռեց-կոփեց նրանց երկաթի պես։
Բակալավրիատի ուսանող Մերի Առաքելյանն էլ կարևորում է, որ հեղինակը Հայկի ընտանիքի միջոցով ներկայացրել է հայ նահապետական ընտանիքի բարքերն ու սովորույթները, ամուսնական հավատարմությունն ու հարազատի հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումը, ինչպես նաև ավագների հոգատարությունը կրտսերների նկատմամբ։
Ինքը՝ հեղինակ Արմենուհի Դեմիրճյանը խոստովանում է, եթե հաղթած լինեինք Արցախյան 44-օրյա պատերազմում, գիրքը չէր գրվի․ պահի գիտակցումը հասունացավ, և պետք էր ընթերցողի սեղանին դնել այնպիսի գործ, հերոս, որը կոգևորի, կբարձրացնի հայ ժողովրդի հայրենասիրական ոգին․«Թեպետ «Հայկ Նահապետ»-ը վիպակ է, սակայն բազմաշերտ է՝ իր ասելիքով, տողատակով։ Գրքում տեղ են գտել մի շարք դրվագներ, որոնք ներկայացնում են միասնականության ճանապարհը․ մենք պետք է իրար սիրենք երկխոսության ճանապարհով՝ չդառնալով թշնամի բանակների ժողովուրդ»։
Գրքի շնորհանդեսին հաջորդեց աբովյանականների շրջայցը Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում, որտեղ ապագա բանասերները ծանոթացան մեծանուն հայուհու անձնական և գրական հետաքրքիր ժառանգությանը։