Կայացավ «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) նախագծի հայաստանյան գործընկերների աշխատանքային հանդիպում։
Հանդիպմանը որպես ծրագրի գործընկեր համալսարան մասնակցում էին նաև ՀՊՄՀ աշխատանքային խմբի ներկայցուցիչները՝ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանն ու Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը։
Հանդիպմանը քննարկվեցին KPI4HE նախագծի ընթացքն ու հետագա գործողությունները, ինչպես նաև նախագծի 1-ին աշխատանքային փաթեթի՝ «Ինստիտուցիոնալ հետազոտությունների և ռազմավարական պլանավորման ազգային ուղեցույցի նախագիծ (GIRSPA)» ձեռնարկի ստեղծման վերաբերյալ հարցեր։ Ի դեպ, ձեռնարկի ստեղծմանը ներգրավված են գործընկերներից ձևավորված թիմերը․նախնական տարբերակը կշրջանառվի ընթացիկ տարվա օգոստոսին։
Նշենք, որ KPI4HE ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը։ Դրանք կնպաստեն որակյալ ու ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով (համաձայն ԳԱՑԱՇ-ի):