ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները մասնակցեցին «Ճախրուկ» միջազգային երաժշտական փառատոնին։
Փառատոնի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Խարբերդի մասնագիտացված և Գյումրու «Երեխաների տուն» հաստատությունների, «Արևային զանգակներ» ու «Մայիլ» կազմակերպությունների, ինչպես նաև ՌԴ «Ընտանեկան կենտրոն» և «Նեյվա» խնամքի կենտրոնների երգչախմբերը։
Մանկավարժական համալսարանի դասախոսների և ուսանողների ներկայությունը փառատոնին ուներ յուրատեսակ նշանակություն․ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը մշտական և սերտ կապի մեջ է մեր երկրում հատուկ կարիքներ ունեցող հաստատությունների հետ։ www.old.aspu.am-ի հետ զրույցում ՀՊՄՀ-ի դասախոսները, որոնք ելույթ ունեցողներից շատերին են ճանաչում, ուրախությամբ են նկատում՝ հսկայական աշխատանք է կատարված նման արդյունք ունենալու համար։
Կրկնակի կարևոր է հատկապես ապագա հատուկ մանկավարժների ներկայությունը փառատոնին․ նրանք ևս մեկ անգամ համոզվեցին, որ հատուկ մանկավարժի հետևողական աշխատանքի շնորհիվ մտավոր և ֆիզիկական տարբեր կարիքներ ունեցող երեխաները նույնպես կունենան շոշափելի արդյունքներ։
«Ճախրուկ»-ը ամենամյա միջազգային փառատոն է, որի այս տարվա կարգախոսն էր «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։