Հունիսի 16-20-ը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում Իսպանիայի Ռովիրա և Վիրջիլի համալսարանում անցկացվեց «Արհեստական բանականությունն ու կրթությունը» խորագրով միջազգային ծրագիրը։
ՀՊՄՀ-ից մասնակցում էին Օտար լեզուների ուսուցման և Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների դասախոսներ Մարգարիտա Հակոբյանն ու Գոհար Նահապետյանը։
Ծրագիրը նախաձեռնել էր Ռովիրա և Վիրջիլի համալսարանի Արհեստական բանականության կիրառմամբ մեթոդաբանական նորարարությունների ցանցը։
Նպատակն էր համաշխարհային բուհերի դասախոսների և աշխատակիցների համար ստեղծել դինամիկ և համագործակցային հարթակ՝ ԱԲ-ի կիրառմամբ կրթության նոր ուղիներ բացահայտելու, cutting-edge գործիքների ու լավագույն փորձի միջոցով արհեստական բանականությունը կրթական գործընթացներում ինտեգրելու, ուսումնասիրելու և քննարկելու բարձրագույն կրթության ոլորտում ԱԲ-ի իրավական և էթիկական դրսևորումները, փորձի փոխանակման և կապերի ձևավորման միջոցով խթանել միջազգային համագործակցությունը։
Միջազգային ծրագրին մասնակցում էր աշխարհի 18 երկրի շուրջ 27 մասնակից․նրանք փոխանակվեցին իրենց փորձով, քննարկեցին մարտահրավերներն ու ապագայի հնարավորությունները՝ կրթության մեջ ԱԲ-ի ինտեգրման համատեքստում։
ՀՊՄՀ-ի դասախոսները ներկայացրին «Արհեստական բանականությունը որպես ուսուցողական օգնական․ գործիքներ ինֆորմատիկայի և լեզվի դասավանդողների համար» թեման։
Այցի շրջանակներում ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու իսպանական Տառագոնա քաղաղի պատմամշակութային հարստությանը՝ կրթական փորձառությունը համադրելով մշակութային ճանաչողականությամբ։
Հիշեցնենք, որ Ռովիրա և Վիրջիլի համալսարանի հետ ՀՊՄՀ-ն համագործակցել է Էրազմուս+ կարողությունների զարգացման BOOST ծրագրի շրջանակում, ինչի արդյունքում ընդլայնվել է կառույցների գործակցությունը։