Հունիսի 30-ից հուլիսի 5-ը ՀՊՄՀ Երաժշտության մանկավարժության ամբիոնի վոկալի դասախոս Մերի Կարապետյանը ՌԴ մշակույթի նախարարության հրավերով Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում էր։
ՀՊՄՀ դասախոսն ու «Հայաստանի ձայներ» ուսանողական վոկալ-երաժշատական խումբը, որի կազմում էր նաև 2-րդ կուրսի ուսանող Կարինե Թադևոսյանը, մասնակցեց 21-րդ միջազգային ֆոլկլորի և «Գորցի» ավանդական մշակույթի միջազգային փառատոնին։ Այս տարի մշակութային ձեռնակը նվիրված էր Դաղստանի ամենասիրված բանաստեղծներից մեկի՝ Ռասուլ Գամզատովի 100-ամյա հոբելյանին։
Միջազգային փառատոնի աշխարհագրությունը լայն էր․ մասնակցում էր Բելառուսի, Հարավային Օսեթիայի, Բուլղարիայի, Չեչնիայի և մի շարք այլ երկրների ավելի քանի 20 մասնակից։
Փառատոնին Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը ներկայացրեց 10 երաժշտական ստեղծագործություն, այդ թվում՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև Ռասուլ Գամզատովի հեղինակած և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ գրված հայտնի ստեղծագործություններ։
Մշակութային ձեռնարկի շրջանակներում անցկացվեցին տարատեսակ վարպետության դասեր, շրջայցեր մշակութային կենտրոններ, ծանոթություններ ազգային ծեսերին և սովորույթներին։
ՀՊՄՀ դասախոս Մերի Կարապետյանը կարևորեց նման փառատոններին մասնակցությունը՝ ընդգծելով, որ դրանք լրացնում և զարգացնում են մասնագիտական հմտությունները։
Կուլինսկի շրջանի վարչական ղեկավար Շամիլ Ռամազանովը ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանին ուղղված շնորհակալական ուղերձում բարձր է գնահատել բուհի ներկայացուցիչների ելույթները։