ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացմանը
17.07.2025
Մասնակցեցին Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացմանը

Վահան Տերյանը 140 տարեկան է: Ի նշանավորումն հոբելյանի՝ օրերս բանաստեղծի ծննդավայրում՝ Գանձայում, կայացան վերականգնված տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը և «Տերյանական օր» ավանդական միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ, տերյանական պոեզիայի սիրահարներ։

ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը և բանասիրական ֆակուլտետի ուսանողները ևս մասնակցեցին միջոցառմանը։ Նրանց համար բանաստեղծի տուն-թանգարան ճանաչողական այցը թե՛ մասնագիտական փորձառություն էր, թե՛ բանաստեղծի կենսագրությանն ու ներաշխարհին մոտենալու հնարավորություն: «Դժվար է գերագնահատել Տերյանի դերը հայ նոր գրականության պատմության, գրականության վաղվա օրվա ուրվագծումների ճանապարհին: Բացի այդ՝ Տերյանին է վերապահված գրականության լեզուն կատարելության հասցնելու բարձր առաքելությունը»,- old.aspu.am –ի հետ զրույցում նշեց Քնարիկ Աբրահամյանն ու վստահեցրեց՝ այս այցելությունն օգնելու է վաղվա ուսուցիչներին շատ ավելի հիմնավոր ու ամբողջական մատուցելու Վահան Տերյանի պոեզիան աշակերտներին: