ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մաթեմատիկայի մասին և ոչ միայն․․․
05.04.2024
Մաթեմատիկայի մասին և ոչ միայն․․․

ՀՊՄՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էին Երևանի թիվ 75 հիմնական դպրոցի սաները՝ դասղեկ, բուհի շրջանավարտ Հասմիկ Սիմոնյանի ուղեկցությամբ։

Այցի նպատակն էր հանդիպել «Հանրահաշիվ» դասագրքի հեղինակ Համլետ Միայելյանին։ Պրոֆեսորը հանդես եկավ յուրատեսակ դասախոսությամբ՝ խոսելով ժամանակավոր և մնայուն արժեքների, այդ թվում՝ հայրենիքի, սովորելու կարևորության, մաթեմատիկա գիտության, գեղեցիկի ընկալման մասին և այլն։

Համլետ Միքայելյանը նկատում է՝ գիտության զարգացումը բերել է ոչ թե մարդկանց քանակի, այլ ուժեղ անհատների կարևորության․հաջողության հասնելու կարևոր գրավականը պրոֆեսորը համարում է սովորելը։
Խոսելով ուսումնական առարկաների մասին՝ Համլետ Միքայելյանը կարևորեց մայրենիի իմացությունը, այդ համատեքստում նկատելով, որ մաթեմատիկան ևս լեզու է, բացառիկ լեզու, որը մասնագետի համար նպատակային արժեք է, իսկ մյուսների համար կարող է ծառայել կարևոր գործիք՝ տարբեր ոլորտներում հաջողության հասնելու համար։ «Մաթեմատիկան լեզու է, որով գրված է բնության ոսկե գիրքը, և որպեսզի կարդանք այդ գիրքը, պետք է իմանալ մաթեմատիկայի լեզուն»,- աշակերտների հետ զրույցում նշեց պրոֆեսորն ու հավելեց՝ այն կօգնի բացահայտել ճշմարտությունը՝ միայն իրեն հատուկ՝ ապացուցման միջոցով։

Համլետ Միքայելյանը մաթեմատիկայի կարևոր արժեքներից մեկն էլ համարեց գեղեցիկը ճանաչելու հնարավորությունը․«Գեղեցիկի կազմավորման հիմքում մաթեմատիկան է․այն հնարավորություն է տալիս տեսնել գեղեցիկը»,-վստահեցրեց պրոֆեսորն ու հավելեց՝ հոգեկան գործընթացները, ուշադրության զարգացումը, մարդուն նպատակասլաց դարձնելու հնարավորությունը ևս այս գիտությանն է տրված։

Պրոֆեսորը խորհուրդ տվեց լավ սովորել, սովորել մաթեմատիկա՝ նշելով, որ հակառակ պարագայում, կորցնում ես ոչ միայն այն, ինչ ունեցել ես, այլև այն ինչ կարող էիր ունենալ, բայց ձեռք չես բերել։

Հանդիպման ավարտին Համլետ Միքայելյանը իր սանին, իսկ այսօր արդեն մաթեմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Սիմոնյան նվիրեց իր հեղինակած գրքերից։ Դպրոցի սաները շրջեցին բուհում, եղան ՀՊՄՀ Պատմության թանգարանում և ծանոթացան մեկդարյա պատմություն և կրթական հարուստ ավանդույթներ ունեցող հաստատությանը։