Մանկավարժական համալսարանը շնորհավորում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
Հայ ժողովուրդն աշխատող է, տաղանդավոր, ստեղծարար և հաջողությամբ է իրականացրել հայրենիքը շենացնելու իր նվիրական գործը:
Դրանից անմասն չի եղել նաև 100-ամյա Հայկական պետական մանկավարժական համալսարանը` ամենատարբեր ոլորտների առաջատար մասնագետներով, կարկառուն դեմքերով, իրենց աշխատանքի անմնացորդ նվիրյալներով:
Այսօր էլ սերնդեսերունդ պահպանվում և փոխանցվում են աշխատանքը ճիշտ և որակյալ կազմակերպելու լավագույն ավանդույթները՝ հանուն մեր երկրի շենացման:
Մեր օրերում անհնար է պատկերացնել աշխատանքի արդյունավետությունն առանց կրթության և դրա համար անհրաժեշտ պայմանների ապահովման՝ հմտությունների, գիտելիքների, կարողությունների զարգացման. այդ գործընթացն այսօր էլ շարունակվում է, իսկ Մանկավարժականն այդ առանցքում ունի իր կարևոր դերը:
Բուհն անմասն չի նաև աշխատավորների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացից: Դրան է ուղղված ՀՊՄՀ Արհեստակցական կազմակերպության գործունեությունը, որն իր աշխատանքը նպատակաուղղել է կառույցի աշխատողների իրավական, սոցիալական հարցերի լուծմանը:
Մանկավարժական համալսարանը մշտապես հետամուտ է նաև շրջանավարտների զբաղվածության խնդրի լուծմանը. դրան է միտված Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի աշխատանքը: Ի դեպ, բուհի շրջանավարտներից շատերն այսօր համալրել են համալսարանի աշխատավորների շարքերը, նրանք իրենց առաքելությունը հաջողությամբ իրականացնում են հանրապետության դպրոցներում, բուհերում, մշակութային, գիտահետազոտական հաստատություններում և այլն:
Շնորհավորելով Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ մաղթում ենք խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության, մեր երկրի անվտանգության, շենացման, մեր երազած հայրենիքի կերտման:
Եղեք ստեղծագործ, գնահատված, և թող հաջողությունը մշտապես ուղեկցի ձեզ: