ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկամսյա պրակտիկա Ֆրանսիայում
12.04.2016
Մեկամսյա պրակտիկա Ֆրանսիայում

Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերեն լեզու և գրականություն բաժնի բակալավրիատ 4-րդ կուրսի ուսանողուհի Գեղեցիկ Հակոբյանը ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հաղթող ճանաչվելով` ստացել է կրթաթոշակ և մասնագիտական մեկամսյա պրակտիկան անցկացրել Ֆրանսիայի Լիլ քաղաքի «Անատոլ Ֆրանս» քոլեջում:

Պրակտիկայի ընթացքում ուսանողուհուն հնարավորություն է ընձեռվել 11-16 տարեկան աշակերտներին դասավանդել ֆրանսերենը որպես օտար լեզու, ինչպես նաև ունկնդրել է որոշ դասընթացներ` ESPE և Լիլի 1 համալսարաններում:

Չնայած գերհագեցած գրաֆիկին` ուսանողուհին հասցրել է լինել ֆրանսիական մշակույթի տարբեր կենտրոններում և քաղաքներում:

old.aspu.am-ի հետ զրույցում Գեղեցիկ Հակոբյանը վստահեցրեց, որ պրակտիկան զարգացրեց և ամրապնդեց ֆրանսերենի իմացությունը, ընձեռեց դասավանդման նոր մեթոդներ յուրացնելու, Ֆրանսիայի մշակույթին ավելի լավ ծանոթանալու, ինչպես նաև նոր ընկերներ ձեռք բերելու համար:

«Ծրագրի շնորհիվ բուհում ձեռք բերած տեսական գիտելիքներս իրենց գործնական կիրառումն ստացան հենց տվյալ լեզվական միջավայրում. Մանկավարժական համալսարանն ինձ տվել էր այնքան գիտելիք, որ ես չունեցա արտերկրում սովորելու դժվարություններ»,-նշեց Գեղեցիկն ու ուսանողներին հորդորեց լավ սովորել և ձգտել պրակտիկան անցկացնել Հայաստանից դուրս՝ ծանոթանալու նաև ոլորտի արտասահմանյան փորձին:

Նշենք, որ 2013 թվականից Մանկավարժական համալսարանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը. այն միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ, հետազոտական կենտրոններ, ինչպես նաև դպրոցներ:
Գործակալությունը հնարավորություն է ընձեռում անդամակցող հաստատության՝ ֆրանսերեն լեզվին տիրապետող անձնակազմին և ուսանողներին դիմելու տարբեր դրամաշնորհային ծրագրերի և արտերկրում անցնել կարճաժամկետ և երկարաժամկետ ուսուցում կամ վերապատրաստում:

Մանկավարժական համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի կողմից կազմակերպած տեղեկատվական սեմինարների արդյունքում բուհի 3 ուսանող դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու նպատակով դիմել է Ֆրանկոֆոնիայի գործակալություն. ֆինանսավորում ստացել է նրանցից 2-ը՝ օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերեն լեզու և գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Գեղեցիկ Հակոբյանը և Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական մանկավարժություն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Սարգսյանը: