Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնամարզական բազայում մեկնարկեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՊՄՀ-ի ուսանողական խորհրդի հետ համատեղ իրականացվող «Ամառային դպրոց-2017» միջազգային ծրագիրը:
Արդեն հինգերորդ տարին անցկացվող ծրագրին այս տարի ևս մասնակցում են բուհի արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների ուսանողներ. աբովյանականներից բացի, Լիտվայից, Հունգարիայից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից և Արցախի Հանրապետությունից:
Ծրագիրն ամեն տարվա պես գերհագեցած է՝ ուսումնաճանաչողական այցեր, զրույց-քննարկումներ, հանդիպումներ, խաղեր:
Միջազգային ուսանողական ծրագրի օտարերկրյա մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց վստահ են՝ հյուրընկալող համալսարանի ուսանողների շնորհիվ կսիրեն հնամյա պատմություն ունեցող երկիրն ու հայկական միջավայրը:
«Միջազգային ծրագրում ամենից շատ գրավում է ուսանողական հավաքները, միմյանց հետ շփվելու, իրարից սովորելու հնարավորությունը: Անկախ ազգությունից՝ բոլորը հասկանում են իրար, ընկերանում և ձգտում մտերմիկ հարաբերություններ հաստատել»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի հայազգի ուսանողուհի Լիլիթ Մովսիսյանը, ով մի քանի անգամ եղել է հայրենիքում:
Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ուսանողուհի Իդա Վիրագինի համար Հայաստան կատարած այցն առաջինն է:Մեր երկիր ժամանելուց առաջ հասցրել է հանդիպել է ծրագրի նախորդ տարվա մասնակիցներին:
Հունգարացի ուսանողուհին խոստովանում է՝ համալսարանական ընկերները չափազանց տպավորված էին Հայաստան այցելությունից և ծրագրից, ինչի շնորհիվ իր մոտ ևս ցանկություն առաջացավ իմանալ ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին:
10-օրյա ամառային դպրոցի ընթացքում մասնակիցներին կներկայացվի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը, մասնավորապես՝ բուհի մանկավարժական գործունեությունը, ուսանողները կծանոթանան հայոց պատմությանը, հայ երիտասարդների ուսանողական կյանքին:
«Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը կարևոր է նաև միջմշակութային տեսանկյունից. Հայաստան ժամանած օտարերկրյա ուսանողները հնարավորություն ունեն ճանաչելու այլ մշակույթներ կրողներին, այցելությունների և դաս-քննարկումների միջոցով երկրների պատմությանն ու ավանդույթներին: Ծրագիրը հրաշալի միջոց է նաև լեզվական անջրպետը հաղթահարելու, երկուստեք փորձի փոխանակման համար»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը:
Ծրագիրը հագեցած կլինի նաև բազում` սպորտային, մշակութային և ժամանցային միջոցառումներով, ինչպես նաև Հայաստանի գեղատեսիլ և պատմամշակութային վայրեր շրջայցերով:
Ավարտին՝ ուսանողները կներկայացնեն Հայաստանի, հայ երիտասարդների, իրենց շրջագայության և «Ամառային դպրոց» ծրագրի մասին նկարահանած ֆիլմ:
Նշենք, որ «Ամառային դպրոց-2017»-ին մասնակցում է 77 ուսանող՝ Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ, Լիտվայի կրթական գիտությունների, Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական, Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարաններից, Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտից, Արցախի պետական և Մանկավարժական համալսարաններից: