Այսօր մեկնարկեց «Շախմատը կրթության մեջ» ՖԻԴԵ-ի հանձնաժողովի և ՀՊՄՀ Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Շախմատը կրթության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովը:
Բացման խոսքով ելույթ ունեցան Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, փոխնագահները, ինչպես նաև աշխարհահռչակ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:
Գիտաժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 100 երկրի 450-ից ավելի ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն կունենան երկու օրվա ընթացքում քննարկել շախմատի ուսուցման հիմնախնդիրները՝ նախադպրոցական հաստատություններում, հիմնական և ավագ դպրոցներում, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում:
Միջազգային գիտաժողովն անցկացվում է անգլերեն և իսպաներեն՝ հեռավար հաղորդակցության Zoom հարթակում:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝ նախադպրոցական շախմատը, շախմատի նախագիտելիքի ձևավորումը, շախմատի նախագիտելիքի սոցիալ-մանկավարժական հիմնավորումները, նախադպրոցականների մտածողության ձևավորման հիմնախնդիրները, նախադպրոցականների զարգացման հիմնական դրսևորումները:
Կքննարկվեն նաև դպրոցական շախմատի մոդելները, շախմատի ուսուցիչների վերապատրաստման հիմնահարցերը, դպրոցում շախմատի ուսուցման որակի հիմնախնդիրները, դպրոցական շախմատի հետազոտության արդյունքները, խառը և առցանց շախմատի ուսուցումը:
Ներկայացվող թեմաների շարքում են նաև` շախմատի ուսուցիչների կրթության հիմնահարցերը, 101 շախմատի մոդելը աշխարհի համալսարաններում, ինչպես նաև շախմատը` որպես համալսարանը կրթությունը խթանող միջոց:
«Շախմատը կրթության մեջ» ՖԻԴԵ-ի հանձնաժողովի և ՀՊՄՀ Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Շախմատը կրթության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն նոյեմբերի 22-ին: