ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է «Ամառային դպրոց 2016»-ը
10.08.2016
Մեկնարկել է «Ամառային դպրոց 2016»-ը

Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՊՄՀ-ի ուսանողական խորհրդի հետ համատեղ իրականացվող «Ամառային դպրոց 2016» միջազգային ծրագիրը, որին մասնակցում են բուհի արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների ուսանողներ:

Արդեն 4-րդ տարին անցկացվող ծրագրի ընթացքում ծրագրի բազմալեզու մասնակիցները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, զարմանահրաշ բնությանը, հնագույն եկեղեցիներին ու տաճարներին, այցելում թանգարաններ և պատկերասրահներ, ինչպես նաև վայելում ժամանակակից Երևանը:

Ծրագրի մասնակիցներին ողջունեցին Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանն ու Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը: Արա Երեմյանը վստահեցրեց` ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն ճանաչել Հայաստանը, այլև ամրապնդել տարբեր ժողովուրդների միջև մշակութային, բարեկամական կապերն ու ունենալ նոր ընկերներ:

«21-րդ դարում կարևոր է միջմշակութային շփման հմտությունների առկայությունը ուսանողների մոտ: Ամառային դպրոցը ստեղծում է նմանատիպ հնարավորություն՝ ճանաչելու այլ մշակույթների ներկայացուցիչներին, բարելավելու լեզվական կարողություններ, ձեռք բերել նոր ընկերներ»,-նշեց Քրիստինա Ծատուրյանն ու հավելեց, որ այս տարի ծրագիրն ավելի ինտերակտիվ է, ծրագրում ներառված են թիմային խաղեր և առաջադրանքներ, որոնք կնպաստեն Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության ընկալմանը ոչ ֆորմալ տարբերակով:

Առաջիկա երեք օրերի ընթացքում նախատեսվում են այցելություններ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Մատենադարան, Գաֆեսճյանի ժամանակակից արվեստների թանգարան, իսկ Երևանում կկազմակերպվի քաղաքին և պատմությանը ծանոթանալու ուղղված խաղ:

10-րյա ամառային դպրոցի ընթացքում մասնակիցներին կներկայացվի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը՝ մասնավորապես բուհի մանկավարժական գործունեությունը: Ծրագիրը հագեցած կլինի նաև բազում` սպորտային, մշակութային և ժամանցային միջոցառումներով:

Նշենք, որ «Ամառային դպրոց 2016»-ին մասնակցում են ուսանողներ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանից, Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանից, Լիտվայի Կրթական Գիտությունների համալսարանից, Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանից, Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանից, Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանից, Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանից, Արցախի պետական համալսարանից և ՀՊՄՀ-ից, ընդհանուր` 84 ուսանող: