ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է երիտասարդ գիտնականների ամառային դպրոցը
20.06.2016
Մեկնարկել է երիտասարդ գիտնականների ամառային դպրոցը

Մանկավարժական համալսարանում բացվեց «Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով երիտասարդ գիտնականների ամառային դպրոցը, որին մասնակցում են երիտասարդ գիտնականներ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և ՌԴ-ի տարբեր հաստատություններից:

Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ և ՀՊՄՀ-ի, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի աջակցությամբ մեկնարկած ծրագիրն ուղղված է երիտասարդ գիտնականների կողմից կրթության բնագավառում առկա հիմնախնդիրների վերհանմանը, լուծան տարբերակների և առաջարկների առաջադրմանը, համաշխարհային մանկավարժական մտքի, առաջավոր փորձի տարածմանն ու հարստացմանը:

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց եռօրյա ծրագրի մեկնարկը՝ վստահեցնելով, որ բուհը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ մասնագետների պատրաստման խնդրին և դրանց աջակցմանն ուղղված ծրագրերին:

«Ծրագիրը կնպաստի խորանալ կրթության ժամանակակից հիմնախնդիրների մեջ, ստեղծել երիտասարդ գիտնականների միջազգային թիմ, իրականացնել մասնագիտական փորձի փոխանակում»,-նշեց պրոռեկտորն ու հավելեց, որ երիտասարդ գիտնականների պատրաստման կարևորությունը ընդգծված է նաև բուհի ռազմավարական ծրագրում:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն էլ իր ելույթում հիշատակեց խորհրդային միության տարիների տեխնիկական սուղ պայմաններն ու գիտական մեծ նվաճումները՝ հույս հայտնելով, որ գիտական բազմաթիվ շոշափելի ձեռքբերումներով հայտնի Հայաստանը 21-րդ դարում ևս գիտական նոր արդյունքներ կգրանցի և կզբաղեցնի իր պատվավոր տեղը առաջավոր երկրների շարքում:

«Եթե յուրաքանչյուր երիտասարդ գիտակցի Հայաստանում մանկավարժական միտքը զարգացնելու անհրաժեշտությունն ու ձգտի դրան, մեծ ծառայություն մատուցած կլինի իր հայրենիքին»,-նշեց փոխնախարարն ու երիտասարդ գիտնականներին կոչ արեց լծվել այդ գործին:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը ևս իր խոսքում ակրևորեց ծրագրի անցկացումը և երիտասարդ գիտնականներին փոխանցեց հաջողության հասնելու իր սկզբունքները՝ երբեք չկորցնել զարմանալու հատկությունը, հաջողության հասնելու համար ունենալ ծայրահեղ աշխատասիրություն և ճիշտ ժամանակին լինել ճիշտ տեղում:

Ակադեմիկոսը վստահ է՝ Մանկավարժական համալսարանը երկրի համար ունի կարևորագույն նշանակություն, քանի որ ուսուցչից է կախված պետության անվտանգությունը. «Գիտակցեք ձեր և բուհի դերակատարումը»:

«Գլոբալիզացիան, բոլոնյան գործընթացին ինտեգրվելը, սոցիալ-քաղաքական իրավիճակը, շարունական է և ողջ կյանքում սովորելու անհրաժեշտության ըմբռնումը նոր մարտահրավերներ է առաջադրում բարձրագույն կրթության՝ մասնավորապես մանկավարժական կրթության համակարգին»,-նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը և փոխանցեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ողջույնի խոսքը:

Վարդան Սահակյանը երիտասարդներին տեղեկացրեց վերջերս Բրյուսելում ԿԳ նախարարի ստորագրած օգտվելու հետազոտությունների և նորարության ֆինասավորման Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի մասին և հորդորեց ակտիվորեն մասնացել: Ի դեպ, ծրագիրը Հայաստանի հետազոտությունների ու նորարարության ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում օգտվել ծրագրով ամենատարբեր ոլորտներում տրամադրվող բոլոր հնարավորություններից՝ հիմնարար գիտական բնագավառից մինչև ցուցադրական նախագծեր՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված մյուս գործընկեր երկրների համար նախատեսված պայմաններով:

Ամառային դպրոցի պաշտոնական բացմանը հաջորդեցին վարպետության դասեր, օնլայն դասախոսություններ, հեղինակային դասախոսությունների պաշտպանություններ, բանավեճեր: Ձեռնարկը եռօրյա է, աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 22-ը: