ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստումը
11.08.2023
Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստումը

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը։ Արդեն երրորդ տարին կազմակերպվող վերապատրաստումներին այս տարի դիմել է 160 մանկավարժ հանրապետության տարբեր հաստատություններից։

Ուսուցիչների վերապատրաստումը կիրականացվի ակադեմիական 110 ժամ տևողությամբ դասընթացի միջոցով: Մանկավարժներն իրենց գիտելիքները կբարելավեն հանրակրթության բնագավառի օրենսդրության, ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման, գնահատման, ինչպես նաև համընդհանուր ներառման, տարիքային հոգեբանության և դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ։

ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին, որոնք, ի թիվս վերապատրաստող բազմաթիվ այլ կազմակերպությունների, ընտրել են մանկավարժական մայր բուհը։ Մարիամ Իսպիրյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք և կարևորեց նրանց հետ հետադարձ կապը՝ մասնագիտական կարողությունների բարձրացման և պահանջմունքների բավարարման տեսանկյունից։

«ՀՊՄՀ-ն նպատակադրել է նոր գիտելիքներ փոխանցելու միջոցով զարգացնել ուսուցչի մասնագիտական հմտությունները, հնարավորություն ընձեռել բավարարելու նրանց ինքնակրթման պահանջմունքները, ծանոթանալ իր մասնագիտությանն առնչվող ոլորտի նորարարություններին, ինչպես նաև ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուղղորդել դեպի գործունեության իրականացման կառուցվածքային բաղադրիչները»,-նշեց պրոռեկտոր Իսպիրյանն ու ուրախությամբ նկատեց՝ հասարակության շրջանում բուհի նկատմամբ պետական կառույցների դիրքորոշման և վերաբերմունքի, վստահության, բուհ-դպրոց երկկողմանի արդյունավետ համագործակցության շնորհիվ ՀՊՄՀ-ում վերապատրաստվել ցանկացողների թիվն էապես աճել է։

Մարիամ Իսպիրյանը վստահեցրեց, որ մեծագույն պատասխանատվությամբ են մոտեցել դասընթացի կազմակերպամանը, դասընթացի բովանդակության նախագծման ընթացքում հաշվի է առնվել կիրառվող մեթոդների, ձևերի, միջոցների համապատասխանությունը վերապատրաստվողների մասնագիտական փորձին և սոցիալ-մանկավարժական հմտություններին, առաջնահերթություն է տրվել տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների ձևավորմանը և այլն։

Վերապատրաստման մեկնարկին ծրագրի պատասխանատուները հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին ներկայացրին դասընթացների պահանջները, նպատակները, ակնկալվող արդյունքները և կազմակերպչական ու բովանդակային մի շարք հարցեր։

Պատասխանատուները ևս մեկ անգամ վստահեցրին՝ մանկավարժն իր գիտելիքները մշտապես թարմացնելու կարիք ունի․ հերթական ատեստավորումը կնպաստի ուսուցիչների ընդհանուր և հոգեբանամանկավարժական պատրաստվածության մակարդակի, ուսուցիչների ակադեմիական և մանկավարժական կարողունակության բարձրացմանն ու շարունակական մասնագիտական զարգացմանը։

Նշենք, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստումների ավարտին կտրվի համապատասխան կրեդիտով հավաստագրեր: