ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել են ամփոփիչ ատեստավորման քննությունները
11.06.2024
Մեկնարկել են ամփոփիչ ատեստավորման քննությունները

Մանկավարժական համալսարանում մեկնարկել են 2023-2024 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի և մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորման քննությունները՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։

Ուսանողների տեսական և գործնական գիտելիքները գնահատում են ձևավորված հանձնաժողովները՝ համալրված ոլորտի առաջատար մասնագետներով։

Մանկավարժական մայր բուհն այս տարի կունենա 1598 շրջանավարտ․ բակալավրիատը կավարտի 1250, իսկ մագիստրատուրան՝ 348 ուսանող։

Այս տարի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետն ունի 115 շրջանավարտ։ Չնայած քննական գործընթացի մեկնարկը նոր է տրվել, սակայն ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանը գոհ է արդյունքներից։ Ընդգծում է՝ ուսանողները լրջորեն են վերաբերում․ պատրաստված են, աշխատանքների թեմաներն էլ արդիական են և համապատասխանում են ներկայացվող բոլոր պահանջներին։

Հանգիստ մթնոլորտում, առանց լարվածության քննություններն այսօր մեկնարկեց նաև Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում։ 82 ուսանող կմասնակցի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությանը։ Դեկան Էդգար Հովհաննիսյանը վստահեցնում է՝ շրջանավարտների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ստուգելու համար արել են հնարավորը։ old.aspu.am-ի հետ զրույցում նշում է՝ կարևորում են մեթոդական բաղադրիչը, մատնանշում նաև թերությունները։

Ի դեպ, ամփոփիչ ատեստավորման քննությունները վերահսկում է նաև բուհի ղեկավարությունը․ ուսանողակենտրոն քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման համատեքստում կարևորվում է գործընթացի պատշաճ կազմակերպումը։ Բացի այդ, շեշտադրվում է ավարտական աշխատանքների՝ մասնագիտական կրթական ծրագրին, հետազոտական աշխատանքներին ներկայացվող չափանիշներին համապատասխանությունը, մանկավարժական մասնագիտությունների դեպքում՝ նաև մեթոդական բաղադրիչը։

Առանց բողոքարկումների, կանոնակարգային խախտումների քննություններն ընթանում են նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում։ Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Արթուր Թադևոսյանը նշում է՝ հանձնաժողովները դրական կարծիք ունեն կատարված աշխատանքների վերաբերյալ, ուսանողներն էլ ստացած գնահատականներն օբյեկտիվ են համարում, ընդգծելով՝ դրանք արտացոլում են ոչ միայն քննական գործընթացը, այլև հետազոտական աշխատանքի որակը։

Ամբիոնի վարիչը վստահեցրեց՝ վերանայել են ավարտական աշխատանքների թեմաներն ու դրանց կիրառական նշանակությունը․ շրջանավարտներից մի քանիսը, որ նաև գործող ուսուցիչներն են, իրենց աշխատանքները փորձարկել և կիրառել են դպրոցում։

273 ուսանող էլ այս տարի կավարտի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը։ Դեկան Ռուզաննա Պետրոսյանը նշում է՝ գործընթացը բուհում տարեցտարի կատարելագործվում է, ուսանողն էլ առավել պատրաստված է, անկաշկանդ, առավելագույնս և գիտական մակարդակում տիրապետող ներկայացված աշխատանքի բովանդակությանը։

Նշենք, որ Մանկավարժականում բակալավրիատի և մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորման քննությունները կանցկացվեն հունիսի 10-ից հուլիսի 2-ը։