ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկշաբաթյա վերապատրաստում՝ Տալինի տեխնոլոգիական համալսարանում
29.10.2018
Մեկշաբաթյա վերապատրաստում՝ Տալինի տեխնոլոգիական համալսարանում

Հոկտեմբերի 22-26-ը Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակներում Տալինի տեխնոլոգիական համալսարանում անցկացվեց մեկշաբաթյա վերապատրաստում:

«Համատեղ կրթական ծրագրերի և կրեդիտային շաժունության» թեմայով վերապատրաստմանը մասնակցում էին ծրագրի հայաստանյան գործընկեր համալսարանների 21 ներկայացուցիչներ՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Երևանի պետական կոնսերվատորիայից, Շիրակի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ինչպես նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից:

Մանկավարժական համալսարանից վերապատրաստմանը մասնակցում էին Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, բաժնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանը, բաժնի աշխատակից Ռաիսա Ավետյանը: Վերապատրաստման ընթացքում Տալինի Տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցները, ինչպես նաև ծրագրի Եվրոպացի գործընկերները մասնակիցներին ծանոթացրին համատեղ կրթական ծրագրերի մշակման և իրականացման ամբողջ ցիկլին, դրանց ճանաչման գործընթացին, բուհի միջազգայնացման ռազմավարությանը և մարկետիգնին, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին, Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերին և այլն:

Հոկտեմբերի 23-ին մասնակիցները այցելեցին Տարտուի համալսարան և ծանոթացան այդ համալսարանի միջազգայնացման մեխանիզմներին և ծրագրերին:

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ նաև ծրագրի համակարգման հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի ձեռքբերումները, ֆինանսական ծախսերը և հետագա աշխատանքները:

Հիշեցնենք, որ Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի համակարգողը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է: