ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, բայց գեղանկարչության լեզուն մեկն է»
07.05.2016
«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, բայց գեղանկարչության լեզուն մեկն է»

Այսօր «Պլեներ Հայաստան-2016» միջազգային գեղանկարչական սիմպոզիումի մասնակիցները Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում  ամփոփեցին մեկշաբաթյա աշխատանքի արդյունքները:

Կերպարվեստի ամբիոնի վարիչ Փարավոն Միրզոյանը շնորհակալություն հայտնեց 6 երկրից ժամանած պլեների մասնակից նկարիչներին՝ փաստելով, որ մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքն իսկապես արդյունավետ էր: Թեև եղանակային անակնկալներին՝ նկարիչները կարողացան տեսնել հայկական բնաշխարհն իր ողջ գեղեցկությամբ.«Հեշտ չէ կազմակերպել նման պլեներ,բայց մենք կարողացանք միասին աշխատել և լավ արդյունքի հասնել»:

Փարավոն Միրզոյանը վստահեցրեց՝ այդ աշխատանքներից մի մասն արժանի են մրցանակի: Ամբիոնի վարիչն իր երախտագիտությունը հայտնեց հայազգի նկարիչ Գագիկ Պարսամյանին, ում օգնությամբ նաև իրականացվեց այս ծրագիրը՝ պլեների կազմակերպմամբ պրոֆեսիոնալ նկարիչներին ոչ միայն համախմբել Հայաստանում՝ ցույց տալով մշակութային ու պատմական արժեքները, այլև տեղեկացնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:

Գագիկ Պարսամյանը շնորհակալություն հայտնեց մասակիցներին, ովքեր իրենց ներկայությամբ ու հմայքով  գեղեցկացրին պլեների աշխատանքները և ստեղծագործական առանձնահատուկ մթնոլորտ ստեղծեցին.«Նկարները ստացվել են, արդյունքները լավն են. նշանակում է՝ պլեները կայացացել է: Ավելին՝ ձեռք է բերվել Լիտվա-Հայաստան համագործակցության պայմանավորվածություն շնորհիվ: Սաուլիուս Կրուոպիս առանձնահատուկ մարդ, ով արդեն 24 տարի պլեներներ է կազմակերպում և գիտի ինչ է այն: Եվ ահա Հայաստան այցելած գրեթե բոլոր նկարիչներն այդ պլեների անդամներ են: Այստեղ գտնվող նկարիչները բոլորն էլ եղել են Հայաստանում ու սիրել մեր երկիրը: Նրանք սպասում էին պատեհ պահի, որպեսզի կրկին այցելեն Հայաստան, և ահա առիթը չուշացավ: Շնորհակալ ենք Փարավոն Միրզոյանին՝ Հայաստանում մեր աշխատանքը կազմակերպելու համար»,-ասաց  հայազգի նկարիչը:

Լեհ նկարչուհի Հելենա Խմեիլովիչն իր գոհունակությունն արտահայտեց՝ պլեների հիանալի կազմակերպման ու սովորողների հետ աշխատելու հնարավորություն ընձեռելու համար.«Հայաստանը գեղեցիկ է. մենք տեսանք արև, անձրև, շատ գեղեցիկ կանաչ ու սարեր: Ծանոթացանք ձեր երկրի պատմությանը, մեր խոնարհումը բերեցինք 1915 թվականի զոհերի հիշատակին: Մենք մեր երկրներ կվերադառնանք՝ տանելով մեզ հետ մի փոքր հուշ Հայաստանից: Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»:

«Մենք բոլորս անցել ենք գեղանկարչության ռուսական դպրոցը, միաժամանակ մենք լիտվական գեղանկարչության կրողներն ենք: Հայ նկարիչները հիմնականում անցել են Լենինգրադի գեղանկարչական ավանդույթների միջով: Մենք տարբեր մտածողություն ունենք, խոսում ենք տարբեր լեզուներով, բայց գեղանկարչությունը մեկ լեզու է ճանաչում»,-ասաց  Յոզս Պրանսկևիսուսը: Նրա կարծիքով՝ 1-2 տարի  կպահանջվի Հայաստանում, տեսածն ու զգացածը յուացնելու և արտահայտելու համար, իսկ մյուս տարի հայ 6 նկարչի կհրավիրի մասնակցելու Լիտվայում կազմակերպվելիք պլեների աշխատանքներին:

Սաուլիուս Կրուոպիս ևս փաստեց, որ ժամանակ է պետք՝ Հայաստանի հրաշալի բնաշխարհին անդրադառնալու համար: Այստեղ անցկացրած ամեն մի օրը հագեցած էր աշխատանքային ռիթմով.«Լիտվայում կշարունակենք պահպանել Հայաստանի հետ ստեղծած կամուրջը»:

Փարավոն Միրզոյանն ամփոփեց հանդիպումն՝ ընդգծելով, որ մայիսի 8-ին պլեների մասնակիցների ստեղծած գեղանկարչական աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում՝ իսկական տոն պարգևելով ոչ միայն պլեների մասնակիցներին, այլև նկարչական արվեստի երկրպագուներին:

Հյուրերն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի հուշարձանին`հարգելով 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն զոհերի հիշատակը: