ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մեծահասակների կրթությունը Հայաստանում».ներկայացվեցին հետազոտության արդյունքները
03.12.2021
«Մեծահասակների կրթությունը Հայաստանում».ներկայացվեցին հետազոտության արդյունքները

Մանկավարժական համալսարանում կայացավ «Մեծահասակների կրթությունը Հայաստանում» քանակական հետազոտության արդյունքների ներկայացումն ու քննարկումը:

Մեծահասակների կրթության (ՄԿ) և զարգացման բնագավառում գործող Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ գլոբալ միջազգային կազմակերպության պատվիրած, հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) և Գերմանիայի Մեծահասակների կրթության ինստիտուտի աջակցությամբ (DIE) 2020-2021թթ․-ներին իրականացված հետազոտությունն անդրադարձել է միգրացիայի, կրթության եւ վերապատրաստման, այդ թվում՝ ֆորմալ, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթութանը, ինչպես նաև զբաղվածությանը, կրթական եւ վերապատրաստման ծրագրերի մասնակցությանը, մեծահասակների կրթության ընձեռած հնարավորությունների մասին ընկալումներին, Covid-19-ի շրջանում հեռավար ուսուցմանը:

Հետազոտությանը մասնակցել է 18-64 տարեկան 2440 հարցվող:

Պատվիրատու ընկերության՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանի ղեկավարած կառույցը զբաղվում է մեծահասակների կրթության հարցերով:

Վերջինս ընդգծում է՝ մեծահասակներ ասելով նկատի չունեն տարեցներին, այլ չափահաս մարդկանց, որոնք ֆորմալ /նախակրթարան, դպրոց, բուհ/ կրթությունից հետո ուզում են ինքնակրթվել կամ զարգանալ ու շարունակել կրթությունը:

«Մենք որոշեցինք մեծահասակների ոչ ֆորմալ կրթության հարցերը բերել Մանկավարժական՝ ուսանողներին իրազեկելու համար, որպեսզի նրանք իմանան՝ ֆորմալ կրթությունից հետո էլ կա կրթվելու մեծ աշխարհ»,-նշեց ասաց Էսթեր Հակոբյանը:

Վերջինս հույս ունի, որ Մանկավարժական համալսարանի հետ կշարունակեն համագործակցությունը, նշելով՝ անդրագոգիկան կամ մեծահասակների կրթությունը որպես ավելի խոր մասնագիտացում դարձնելու ուղղությամբ հետագա աշխատանքը:

«Մեծահասակների կրթության կարևորությունն ու դերը ակադեմիական միջավայրում» թեմայով զեկույցում Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը նկատում է՝ համալսարանները ՄԿ-ի հիմնական դերակատարներից են, սակայն ֆորմալ կրթական համակարգից դուրս կրթական ծառայություններ մատուցելու մշակույթը մեզանում դեռևս ձևավորված չէ. «Համալսարանում, մեր ամբիոնը և նրան կից գործող մանկության հիմնախնդիրներն ուսումնասիրող լաբորատորիան մշակում են լրացուցիչ կրթական, ինչպես նաև ավագ դպրոցականների և ուսանողների կրթական տուրիզմը զարգացնելուն միտված, տարեցների խնամքի, ազատ ժամանակի կազմակերպման կենտրոնի և այլ ծրագրեր: Դրանց իրականացումն ու կիրառումը կնպասի բուհի՝ հանրությանը կրթելու և մանկավարժականացնելու սոցիալական առաքելության»:

Պրոֆեսորը վստահ է՝ ժամանակն է լուծել պրոֆեսիոնալ անդրագոգիկներ պատրաստելու և համապատասխան մասնագիտացում տալու խնդիրը. ՀՊՄՀ-ն ունի համապատասխան ներուժ և պատրաստ է ներկայացնել իր առաջարկությունները:

Աիդա Թոփուզյանը նշեց նաև, որ բուհը մշտապես մասնակցել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացին. դա պետության գործառույթն է և անհրաժեշտ է ճիշտ ընտրել վերապատրաստող կազմակերպություններին:

Ելույթում կարևորվեց նաև մեծահասակների հետ աշխատանքի մեթոդիկայի ուղղությամբ դասավանդողների կարողությունների վերապատրատումը, ֆորմալ կրթությունն ավարտելուց հետո լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելուն մեծահասակների մոտիվացիան.«21-րդ դարում ոչ ոք այլևս չի կասկածում, որ մեծահասակների կրթությունը ունի հասարակությունը վերափոխելու, մարդկանց կյանքը փոխելու հզոր ներուժ»,-ամփոփեց բանախոսը:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մարմիկոնյանը հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ չի լինի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության տարանջատում, այն կդիտարկվի միասնական, ընդհանուր:

Բանախոսը հույս հայտնեց, որ կփոխվեն նաև կրթության ձևաչափերի ստացումն ու արդյունքների հավաստումը, ինչպես որ, կրթությունն է փոխվել մարդկության զարգացման ողջ ընթացքում և ուսանողներին հորդորեց՝ անդադար սովորել, սովորել՝ սովորել:

ՀՊՄՀ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց համալսարանը մեծահասակների կրթության հարցի քննարկման հարթակ դարձնելու համար և փաստեց, որ կրթական ծրագրերի բազմազանության մեջ մեծահասակների կրթության խնդիրը ամենաթույլ օղակն է և ամենաբարդ խնդիրը:

«Մեծահասակների կրթությունը Հայաստանում» հետազոտության մեթոդաբանությունն ու արդյունքները ներկայացրին ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրերի ղեկավար Էլլա Կարագուլյանն ու Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Միշա Թադևոսյանը:

Բանախոսներն ընդգծեցին, որ մեծահասակների կրթության (ՄԿ) այս հետազոտությունն առաջինն է Հայաստանում և հույս հայտնեցին, որ հետազոտության արդյունքները թույլ կտան բարելավել ՄԿ ջատագովության ջանքերն ու դրա աջակցության ծրագրերը: