Հարցարզրույց Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի և Մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Բորիս Նահապետյանի հետ ("Голос Армении")
- Պարոն Նահապետյան, դուք 5-6 դասարանների մաթեմատիկայի դպրոցական դասագրքի հեղինակ եք: Ինչու՞ որոշեցիք հեղինակել հենց այդ դասագիրքը:
- Անցյալ հարյուրամյակի 80-ական թվականների վերջին, երբ հույսեր արթնացան, որ Հայաստանը կարող է դառնալ անկախ պետություն, Էդուարդ Ղազարյանի նախաձեռնությամբ (նա այն ժամանակ լուսավորության փոխնախարարն էր) ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում խորհրդակցություն հրավիրվեց, որին մասնակցում էին զգալի թվով մաթեմատիկոսներ Գիտությունների ակադեմիայից և հանրապետության մի շարք բուհերից: Քննարկվում էր այն հարցը, որ անկախ Հայաստանին անհրաժեշտ կլինեն ազգային դասագրքեր, և պետք էր անհապաղ անցնել դրանց ստեղծմանը: Բոլորը ոգևորված մասնակցում էին քննարկմանը, առաջարկություններ հնչեցնում: Պայմանավորվեցինք մեկ շաբաթ անց հանդիպել: Սակայն մեկ շաբաթ անց եկավ առաջին հանդիպմանը ներկա մաթեմատիկոսների կեսը, իսկ ևս մեկ շաբաթ անց՝ կեսի կեսը: Հետո հնչեցին հստակ հարցեր՝ դասագրքերը կգրենք, բայց արդյո՞ք մեզ կվճարեն դրա համար, արդյո՞ք կհրատարակեն: Արդյունքում ընդամենը մեկ աշխատանքային խումբ մնաց՝ ես և գործընկերներիցս երկուսը: Հետագայում նրաք ևս կորցրեցին հետաքրքրությունը այս ամենի հանդեպ: Եվ ահա այստեղ ես ինքս ինձ հարց տվեցի՝ մի՞թե ամբողջ հանրապետությունում չի գտնվի մեկը, որն, անկախ ամեն ինչից, կստանձնի դասագիրք գրելու պատասխանատու գործը: Չափազանց վիրավորական ու ցավալի էր մեր հայրենիքի (հեռանկարում՝ անկախ հայրենիքի) համար, և ես որոշեցի անել դա: Այդ չափազանց բարդ գործը ես որպես առաքելություն էի դիտարկում: Չէ՞ որ Անանիա Շիրակացու ժամանակաշրջանից ի վեր (VII դար) Հայաստանում բացատրական տեքստեր ներառող մաթեմատիկայի դասագիրք չէր ստեղծվել: Ընտրությունս կանգ առավ 4-5 դասարանների դասագրքի վրա (հետագայում 12-ամյա կրթությանն անցնելու արդյունքում այն դարձավ 5-6 դասարանների դասագիրք): Այն, ըստ էության, թվաբանության դասագիրք է, որով սովորում են թվերը և դրանց հետ կատարվող գործողությունները:
Թիվը մարդու կողմից կիրառվող հիմնարար հասկացություններից է: Այն ոչ միայն մաթեմատիկական, այլև փիլիսոփայական հասկացություն է: Թվերից է սկիզբ առնում մաթեմատիկան և գիտությունն առհասարակ: Չնայած այն հանգամանքին, որ թվերը հանդիպում ու կիրառվում են ամենուրեք, թիվն ինքնին, ինչպես և ցանկացած այլ հիմնարար հասկացություն, չունի հստակ (մաթեմատիկական) սահմանում: Այն ներկայացվում է աքսիոմատիկորեն: Թվերի հետ կատարվող բոլորիս քաջ հայտնի գործողությունները, ինչպիսիք են գումարումը, հանումը, բազմապատկումն ու բաժանումը, նախքան ներկայիս ըմբռնմանը հասնելը կատարելագործության երկար ճանապարհ են անցել: Հազարամյակներ անցան, մինչև որ ստեղծվեց մարդկության ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ թվերի գրառման դիրքային համակարգը: Եվ այս ամենն անհրաժեշտ էր բացատրել կրտսեր դասարանների աշակերտներին: Չափազանց դժվար ու հետաքրքիր աշխատանք:
- Ո՞ րն է դասագիրք գրելու սկզբունքը:
- Դասագիրք գրելու սկզբունքը չափազանց պարզ է՝ ինչքան ճշգրիտ բացատրես, այնքան ավելի հասկանալի կլինի: Պետք չէ պատրանք ստեղծել, թե ամեն ինչ հասկանալի ու ընկալելի է: Մանկավարժության տեսանկյունից դասագրքի որակն առաջին հերթին բացատրական տեքստերով է որոշվում: Գոյություն ունի երկու հիմնական մոտեցում: Ըստ առաջին մոտեցման՝ բացատրական տեքստերը պետք է հնարավորինս համառոտ լինեն և ներառեն միայն ամենաանհրաժեշտ տեսական նյութը՝ հիմնական հասկացությունների սահմանումներն ու կանոնները, որոնք էլ ուղեկցվում են օրինակներով: Այստեղ հիմնական շեշտը դրվում է բավականին մեծ թվով համապատասխան խնդիրներ ու վարժություններ ընտրելու վա: Երկրորդ մոտեցումն, ի տարբերություն առաջինի, թույլ է տալիս դասագրքում ներառել բավականին ծավալուն բացատրական տեքստեր, որոնցում տեսական նյութը ներկայացված է աշակերտների համար մատչելի ձևով:
Մոտեցումներից յուրաքանչյուրն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Առաջին դեպքում հիմնական դրական գործոն է համարվում տեքստերի հակիրճությունը, սակայն չափից ավելի հակիրճ ու սեղմ լինելը այդ տեքստերը դարձնում է դիդակտիկորեն թերի, քանի որ առկա բացերը կարող են նյութն ընկալելու համար կարևոր տեղեկություն պարունակել: Բացի այդ, դասագիրքն այս պարագայում կարող է գրեթե չտարբերվել խնդրագրքից: Երկրորդ դեպքում չափազանց ծավալուն բացատրությունները կարող են ի չիք դարձնել աշակերտի կարդալու ցանկությունը: Միևնույն ժամանակ միայն ծավալուն տեքստերը կարող են դպրոցականներին օգնել մտածել և, նյութն ըմբռնելով, լուծել խնդիրները: Լավագույն տարբերակն, իհարկե, ոսկե միջինն է՝ գրել մատչելի բացատրական տեքստեր՝ ձգտելով առավելագույնս հակիրճ լինել: Դասագիրք գրելիս ես և իմ համահեղինակ Ա.Աբրահամյանը (հայերենի փայլուն գիտակ, ով հավատաց գաղափարին և ինձ հետ գնաց դեպի անորոշություն) հենց այդ սկզբունքով էինք առաջնորդվում:
Ինչպե՞ս գնահատել դասագիրքը: Կարծում եմ, ամենակարևորն այն է, որ դասագրքի հիմքում դրված լինի որոշակի հայեցակարգ, և լինեն սկզբունքներ, որոնց համապատասխան էլ այն գրվի: Միայն այս դեպքում մենք կունենանք դասագիրք: Այն կարող է իր հայեցակարգով չհամապատասխանել այս կամ այն կրթական համակարգին (պահանջված չլինել) և ըստ այդմ չկիրառվել: Ժամանակի ընթացքում հայեցակարգային մոտեցումները կարող են փոխվել, և դասագիրքը կդառնա պահանջված:
- Բոլորը՝ մանկավարժները, ծնողներն ու աշակերտները, դասագրքի որակին մի շարք պահանջներ են ներկայացնում: Խորհրդային ժամանակներում դժգոհություն էր առաջացնում դասագրքերի կաղապարային ու ճապաղ լեզուն: Այն ժամանակ դա նորմ էր, իսկ հիմա դասագրքերին ներկայացվող պահանջները մեծապես աճել են: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ լավ դասագրքեր գործնականում այդպես էլ ի հայտ չեկան:
- Կարծում եմ, խնդիրը ավանդույթների բացակայությունն է: Խորհրդային ժամանակներում նման խնդիրներ չէին դրվում: Ռուսաստանն ուներ հսկայական փորձ. դեռ նախահեղափոխական շրջանում այնտեղ հիանալի դասագրքեր էին ստեղծվում (հիշենք Կիսելյովի, Լարիչևի և այլոց դասագրքերը): Սակայն ամեն ժամանակաշրջան դասագրքի տեսակի ու որակի վերաբերյալ իր պահանջներն է առաջ քաշում: Եվ ահա եկել է այն կարևոր պահը, երբ իրականությունը հայ հասարակության առջև բարդ, պատասխանատու և միևնույն ժամանակ շատ լավ խնդիր դրեց՝ սեփական դպրոցների համար ստեղծել սեփական դասագրքեր, որոնցով և կրթություն կստանա մեր երիտասարդ սերունդը:
Բայց ոչինչ միանգամից չի արվում: Ցանկացած, նույնիսկ կատարյալ լինելուց հեռու դասագրքի ստեղծումը հսկայական ջանքեր է պահանջում: Դասագիրքը չի կարող լինել միանշանակ վատը, դասագրքում ամեն ինչ վատ չի լինում: Սակայն հաճախ նշում են միայն դասագրքի թերությունները՝ անտեսելով դրական կողմերը: Այս գործում մեղքի իրենց բաժինն ունեն լրագրողները. ոլորտի մասնագետ չլինելով հանդերձ նրանք անհիմն վկայակոչում են անհայտ ուսուցիչների և ծնողների կարծիքը: Ինչու՞ է դա տեղի ունենում: Որովհետև մեզանում բացակայում է անաչառ, մտահասու և առողջ գրաքննադատությունը, որը կմատնանշեր դասագրքի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերը: Նման գրաքննությունը բացակայում է մի շարք պատճառներով: Կոմպետենտ գրախոսություն գրելու համար պահանջվում է բազմագիտակություն և նյութի իմացություն: Լավ գրված գրախոսությունը հեղինակին անգնահատելի ծառայություն կմատուցի: Գրաքննությունն ի գիտություն ընդունելով և թերությունները շտկելով՝ հեղինակը միայն կբարձրացնի դասագրքի որակը: Երկրորդ պատճառն այն է, որ մեզանում քննադատությունն ընկալվում է որպես անձնական վիրավորանք:
Հիմա հաճախ ենք լսում՝ սա վատ դասագիրք է, այն խրթին է գրված, պետք է դյուրացնել, մակարդակն իջեցնել: Բայց կարող եմ միանշանակ ասել՝ դա չի օգնի: Մեկ անգամ մակարդակն իջեցնեք, հետագայում ևս իջեցնելու անհրաժեշտություն կառաջանա: Ռուսաստանյան մի դասագիրք թարգմանելիս բոլոր համեմատաբար բարդ թեմաներն ու խնդիրները հանվել էին: Ու թեև պնդում էին, որ դա ռուսաստանյան դասագիրք է, իրականում դա միայն այդ դասագրքի պարզեցված տարբերակն էր: Բայց եթե մեր երեխաները Մոսկվա են գնում և այնտեղ «բարդ» դասագրքերով սովորելիս գերազանց գնահատականներ ստանում, ինչու՞ նրանք չեն կարող նույն մակարդակի դասագրքերով այստեղ սովորել:
Խնդիրը բազմակողմ է, բարդ: Ըստ իս՝ պատճառներից մեկը նաև այն է, որ դասագրքերի հեղինակների և դպրոցի ուսուցիչների միջև կապը խզվել է: Հեղինակ – ուսուցիչ բանավեճը չափազանց օգտակար է: Ե՛վ մեզ, և՛ ուսուցիչների համար: 1998 թ., երբ դասագիրքս լույս տեսավ, ավանդույթը դեռ պահպանվում էր՝ կրթության և գիտության նախարարությունը հանդիպումներ էր անցկացնում հեղինակների և դպրոցի ուսուցիչների միջև: Եվ դա հիանալի էր: Մենք այդ հանդիպումներից շատ կարևոր բաներ էինք քաղում, լինում էին խելամիտ դիտողություններ: Ներկայումս նման բան գրեթե չի արվում: Այս կամ այն հարցի վերաբերյալ ուսուցիչների կարծիքն իմանալու համար հեղինակն ինքը պետք է դպրոցներ գնա: Թեև այս ուղղությամբ վերջերս որոշակի շարժ է նկատվում, ու դա ինձ լավատեսություն է ներշնչում:
- Դասագրքում ամեն ինչ շատ լավ է շարադրված, բայց չէ՞ որ երեխային դեռ պետք է գրագետ բացատրել:
- Իսկապես, ուսուցիչ-դասագիրք-աշակերտ հարաբերակցությունը շատ կարևոր է: Նույնիսկ եթե դասերն անցկացնում է տաղանդավոր ու խարիզմատիկ ուսուցիչ, առանց բացատրական տեքստեր ներառող դասագրքերի հնարավոր չէ գլուխ հանել: Աշակերտները նյութն ընկալում են ըմբռնման տարբեր աստիճաններով: Խանգարող գործոններից են ցրված ուշադրությունը, նախորդ թեմաների ոչ պատշաչ յուրացումը, մոռացկոտությունը: Դասագրքի տեքստերն օգնում են վերացնել այդ գործոնները: Չմոռանանք տնային աշխատանքի մասին, որն անհրաժեշտ է անցածն ամրապնդելու համար: Այսպիսով, դասագրքի տեսական մասը պետք է այնպիսին լինի, որ թույլ տա ուսուցչի օգնությամբ խթանել սովորողների ինքուրույն աշխատանքը: Ինչ վերաբերում է դասագրքում առկա դժվարություններին, ապա դրանք հիմնականում թելադրված են ծրագրով, ինչի հետ հեղինակները առնչություն չունեն: Բացի այդ, սովորել նշանակում է ջանք թափել: Չգիտես ինչու համարում են, որ եթե նյութը նախատեսված է աշակերտների համար, այն պետք է յուրացվի առանց մեծ ջանքերի:
Մանկավարժը դպրոցում ռազմավարական ու առանցքային կերպար է: Կրթության ոլորտում ներդրված ֆինանսական միջոցները արդյունք չեն տա, եթե լավ մանկավարժ չունենանք: Դա հերթական անգամ ապացուցեցին աշխարհի մի շարք զարգացած երկրներում վերջերս արված հետազոտությունների արդյունքները: Եթե չունենք բանիմաց մանկավարժներ, ոչ մի բարեփոխում և ֆինանսական ներդրում չի փրկի դպրոցը: Չափազանց կարևոր են մանկավարժական կադրերի պատրաստման և ուսուցիչների որակավորման բարձրացման խնդիրները: Այս հարցում առանցքային դերակատարում ունեն բոլոր համապատասխան կառույցներն ու հատկապես Հայկական պետական մանկավարժական համալսարանը: Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել ուսանողների՝ ապագա մանկավարժների ոչ միայն մասնագիտական գիտելիքներին, այլև նրանց բազմագիտակությանն ու բարոյական արժեքներին: Դրա հետ մեկտեղ պետք է բարձրացնել մանկավարժի մասնագիտության հեղինակությունը: Դա հնարավոր է անել ոչ միայն պատշաճ վարձատրության միջոցով, այլև մեդիամիջոցների օգնությամբ, ինչպես նաև մանկավարժի աշխատանքին պետական և հասարակական գնահատական տալու միջոցով:
- ճի՞շտ է, որ ուսուցման ընթացքում հատկապես կարևոր է տարրական դասարանների ուսուցիչների դերը:
- Ես դրանում համոզված եմ: Հենց այստեղ է, որ առաջին պլան է մղվում դպրոցի դաստիարակչական գործառույթը: Աշակերտներն առաջին անգամ են գիտելիքներ ստանում հասարակական կյանքի կանոնների վերաբերյալ, նրանց մեջ սերմանում են այնպիսի արժեքային կատեգորաներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, պետության հանդեպ հարգանքը, պարտքի զգացումը, այլ քաղաքացիների և նրանց իրավունքների հանդեպ հանդուրժողականությունը: Դրա հետ մեկտեղ դրվում է աշակերտների գիտելիքների հիմքը: Հայտնի է, որ ցանկացած գործունեության ամենադժվար ու ամենակարևոր փուլը սկիզբն է: Դպրոցում ուսումնական գործընթացը սկսվում է մայրենի լեզվից ու մաթեմատիկայից: Սա է այն հիմքը, որի վրա կառուցվում է հետագա ուսուցումը:
Խոսքս կավարտեմ մեր դասագրքերից մեկում ուսուցչին ուղղված կոչից մեկ հատված մեջբերելով. «Ուսուցի՛չ: Ծնողները քեզ են վստահում իրենց երեխաներին: Դա ամենաթանկ բանն է, որ նրանք ունեն: Ուսուցի՛չ: Պետությունը քեզ է վստահում իր փոքրիկ քաղաքացիներին: Դա նրա ունեցած ամենաթանկ բանն է: Կարողանալ պաշտպանել, դաստիարակել, կրթել երիտասարդ մի սերունդ, որը կկարողանա ոչ միայն պահպանել առկա ձեռքբերումները, այլև նպաստել արարման գործընթացին՝ սա է ցանկացած կայացած պետության հիմնական նպատակը: Այս նպատակի իրականացման գործում առանցքային դերը Ուսուցչինն է: Այո՛, Ուսուցչի աշխատանքը ոչ միշտ է ըստ արժանվույնս գնահատվում, նրա աշխատանքի համար ոչ միշտ են բարենպաստ պայմաններ ստեղծվում, սակայն անշահախնդրությունն ու անձնվիրությունը, սեփական գործի կարևորության գիտակցումն ու բարեխիղճ վերաբերմունքը չեն կարող գնահատված չլինել: Ամենաբարձր գնահատականը երախտապարտ աշակերտներն են, երախտապարտ ծնողները, երախտապարտ պետությունը»: Ավելի լավ հնարավոր չէ ասել: