Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվեց «Մի նատյուրմորտի պատմություն» խորագրով ցուցահանդես։
Ցուցադրությանը ներկայացված էին ֆակուլտետին կից գործող «Իմ արվեստ ստուդիա»-ի սաների աշխատանքները։
Դեկան Արա Հակոբյանը ցուցահանդեսի բացմանը նշեց՝ մշակութային ձեռնարկներ ֆակուլտետում կազմակերպվում են գրեթե յուրաքանչյուր շաբաթ․ ներկայացնում են երիտասարդ սերնդի աշխատանքները՝ չհեռանալով բուհի հիմնական՝ ապագա մանկավարժներ պատրաստելու առաքելությունից։
Ինչպես նկատում է պրոֆեսոր Հակոբյանը՝ հայ ժողովրդին բնորոշ է արվեստը․ մեզանում արվեստի ստուդիաներն էլ շատ են։ «Իմ արվեստ ստուդիա»-ն հիմնելու գաղափարը ծնվել է նախորդ տարի․առաջնահերթությամբ կարևորել են գրագիտությունը, երեխայի մոտ գեղագիտական ճաշակ զարգացնելն ու նկարչական գաղտնիքներին ծանոթացնելը։
Արա Հակոբյանը նկատում է՝ երեխաների մոտ արվեստի աշխարհը չափազանց հեքիաթային է․ գունանկարի, գծանկարի հետաքրքիր մոտեցումները, միևնույն նատյուրմորտը տարբեր կերպ ներկայացնելու գրագիտությունն ու ճաշակը, ըստ նրա, նաև դրանով է պայմանավորված։
Դեկանը բարձր գնահատեց ստուդիայում դասավանդող Ֆակուլտետի առաջատար մասնագետների աշխատանքն ու նվիրումը, իսկ երեխաներին մաղթեց, որ արվեստի միջավայրն ու այդ հեքիաթային աշխարհն ուղեկցեն նրանց ողջ կյանքում։
Ցուցահանդեսի կազմակերպիչ, Կերպարվեստի ամբիոնի դոցենտ Սևադա Սարգսյանը, որ նաև դասավանդում է ստուդիայում, նշում է՝ մշակութային կառույցը միայն երեխայի ժամանցը կազմակերպելու վայր չէ․ կարևորում են կերպարվեստային գրագիտություն փոխանցելը, կերպարվեստի լեզվին հաղորդակից դարձնելը։
Նա հիշեցնում է՝ կերպարվեստը կյանքի գործունեության գրեթե բոլոր գործառույթերին է առչնվում՝ ճանաչողությունից մինչև դաստիարակություն։ Սևադա Սարգսյանը «Մի նատյուրմորտի պատմություն» խորագրով ցուցահանդեսը նաև խմբային փոքրիկ հետազոտություն է համարում, որ հաստատում է՝ կերպարվեստն «անվերջի» գիտություն է։
Ցուցահանդեսի մասնակիցներին տրվեցին խորհրդանշական նվերներ և հավաստագրեր։ Ի դեպ, ստուդիայի սաների կողմից հավաստագիր ստացավ նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանը։
Ծնողներն ու երեխաները շրջայց կատարեցին ֆակուլտետում, եղան արվեստի լսարաններում որտեղ ներկայացված են բուհի մանկավարժ-արվեստագետների աշխատանքները։