Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Ռուսաց լեզուն և 21-րդ դարի գլոբալ մարտահրավերները Եվրասիական տարածքում» միջազգային գիտագործնական աշխատաժողովը:
ՀՊՄՀ-ի, Ռուսական պետական հումանիտար համալսարանի, Երևանում ռուսական մշակույթի կենտրոնի և Հայաստանում ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների ասոցիացիայի համատեղ ձեռնարկն անցկացվեց խառը ձևաչափով, այդ թվում՝ առցանց:
Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են միջին, բարձրագույն և լրացուցիչ կրթության հաստատությունների ռուսաց լեզվի և գրականության դասավանդողներ, հետազոտողներ, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ռուսաց լեզուն կիրառող անկախ հեղինակներ և այլն:
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ընդգծեց աշխատաժողովում ԱՊՀ երկրներից ռուսաց լեզվի մասնագետների ընդգրկվածության կարևորությունը: Վերջինս նշեց, որ քննարկվող թեմաների արդիականությունը կասկած չի հարուցում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային այլ երկրների դպրոցներում և բուհերում, ռուսաց լեզուն՝ որպես մայրենի, ոչ մայրենի և օտար լեզու կրում է նաև քաղաքական և սոցիալական գործոնների ազդեցությունը. «Մեր երկրներում ռուսաց լեզվի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ է լրացուցիչ շահագրգռվածություն: Կարևոր են այն նախագծերը, որոնք միավորում են ոչ միայն մանկավարժական հանրույթին, այլև մեր երկրների երիտասարդությանը, որոնց համար այսօր արդեն անհրաժեշտ է ստեղծել միասնական կրթական և մտավոր տարածք»,-հավելեց Սրբուհի Գևորգյանը:
Ռուսական պետական հումանիտար համալսարանի Ռազմավարական նախագծերի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Յուրի Ֆիլիպովն հույս հայտնեց, որ աշխատաժողովում քննարկվող լեզվաբանության հարցերը, ռուսաց լեզվի դասավանդման հիմնախնդիրները, գրականության վերաբերյալ իրենց բուհի կատարած ուսումնասիրություններն ու ներկայացվող դասախոսությունները կհետաքրքրեն ԱՊՀ երկրների՝ ռուսաց լեզվի զարգացմամբ հետաքրքրված մասնագետներին:
Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Սարաջյանն էլ աշխատաժողովի մասնակիցներին փոխանցեց կառույցի ղեկավար՝ Վադիմ Ֆեֆիլովի ողջույնի խոսքը՝ նկատելով, որ ընթացիկ տարում առցանց ձևաչափով անցկացվող աշխատաժողովին մասնակցել են ինչպես Ռուսաստանի և Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ այլ երկրների ռուսաց լեզվի մասնագետներ.«Սա խոսում է աշխատաժողովի պահաջվածության և արդիականության մասին, իսկ թեման արտահայտում է ներկայիս դժվար ժամանակներն ու ընդգծում՝ դպրոցում և բուհական համակարգում ռուսաց լեզվի և գրականության դասավանդման խնդիրները բարձրաձայնելու անհրաժեշտությունը»:
Վադիմ Ֆեֆիլովն ընդգծել էր նաև ռուսագիտության զարգացացման կարևորությունը և վստահություն էր հայտնել, որ մասնագետները կքննարկեն ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները, իսկ աշխատաժողովն էլ կնպաստի միջազգային համագործակցության հետագա զարգացմանը: Այդ հարցում պատրաստ է աջակցել նաև իր ղեկավարած կառույցը:
Դեկտեմբերի 21-22-ը անցկացվող «Ռուսաց լեզուն և 21-րդ դարի գլոբալ մարտահրավերները Եվրասիական տարածքում» միջազգային գիտագործնական աշխատաժողովը կանցկացվի երեք մասնախմբերում. նախատեսված են կլոր սեղաններ, ռուսաց լեզվի դասավանդման հիմնախնդիրներին վերաբերող բանավեճեր, նորարարական փորձի փոխանակում, քննարկումներ:
Աշխատաժողովի առաջին օրը զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ներկայացուցիչները, որոնք իրենց զեկույցներում անդրադարձան խոսքային բարեվարքությանը՝ որպես սոցիալական և հուզական հարաբերությունների ձևավորման գործիք, լեզվամշակութաբանական մոդելների բառարանի նախագծին, տարբերակների մրցակցության լույսի ներքո, ռուսաց լեզվի քերականության դինամիկ գործընթացներին:
Աշխատաժողովի շրջանակներում անցկացվեցին նաև գիտագործանական վարպետաց դասեր. բանախոսները ներկայացրին ռուս գրականության անցյալն ու ներկան՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելիս, ինքնության ճգնաժամերը ռուս գրականությունում, 2020-21 թվականների ռուսական մշակույթը՝ գրականություն, կինեմատոգրաֆ, թատրոն (հիմնական միտումների ընդհանուր ակնարկ), ինչպես նաև ժամանակակից գործընթացները։
«Ռուսաց լեզուն և 21-րդ դարի գլոբալ մարտահրավերները Եվրասիական տարածքում» երկօրյա աշխատաժողովի աշխատանքները կամփոփվեն վաղը: