ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային դասախոսությունների շարք Մանկավարժական համալսարանում
21.11.2016
Միջազգային դասախոսությունների շարք Մանկավարժական համալսարանում

Աշխարհահռչակ փիլիսոփա, ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողովին ընդառաջ՝ Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց միջազգային դասախոսությունների շարք:

Դասախոսություններն անցկացվում են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Միջազգային փիլիսոփայության և Հայոց փիլիսոփայական ակադեմիաների նախաձեռնած գիտաժողովի նախօրեին:

Մանկավարժականում հյուրընկալված հյուրերին և դասախոսության մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, որն իր խոսքում ընդգծեց, որ ակադեմիկոս Գևորգ Բրուտյանը կյանքի վերջին տարիներն ամբողջովին նվիրել է Մանկավարժական համալսարանին, որտեղ ծավալում էր գիտական գործունեությանը, ինչպես նաև Երևանյան փաստարկման դպրոցն աշխարհին ներկայացնելուն, դրա տեսական դրույթները, մոտեցումներն ու սկզբունքները տարածելուն:

Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանը պատահական չհամարեց առաջին հայացքից ընդհանուր թվացող գիտաժողովի՝ «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրի ընտրությունը՝ նկատելով, որ Բրուտյանի մուտքը համաշխարհային փիլիսոփայական աշխարհ նշանավորվել է համանուն խորագրի մենագրությամբ.«Իր գիտական ժառանգությունից բացի, ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը մեզ ժառանգեց նաև իր ընկերներին և բարեկամներին, որոնք խոշորագույն փիլիսոփաներ են, որոնց հետ նրա համագործակցությունը եղել է իր իսկ հիմնած Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի շրջանակներում: Այսօր մեզ համար պատիվ է այս լսարանում ողջունել գիտական մեծ վաստակ և միջազգային հեղինակություն ունեցող փիլիսոփաների, որոնցից 5-ն առաջիկա օրերին հանդես կգան դասախասություններով»:

Հասմիկ Հովհաննիսյանը կարևորեց, որ անգամ ակադեմիկոսի մահից հետո նրանք շարունակում են համագործակցել ամբիոնի հետ. վերջիններս ամբիոնի պաշտոնական՝ «Իմաստություն» հանդեսի խմբագրական խորհրդի կազմում են և ամսագրում պարբերաբար տպագրում են իրենց հոդվածները՝ օգնելով հասու լինել միջազգային փիլիոսափայական մտքին, ձեռք բերել վարկանիշ՝ ներկայանալով աշխարհին:

Դասախոսությունների շարքը մեկնարկեց Բուխարեստի (Ռումինիա) պոլիտեխնիկական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Ռումինիայի ակադեմիայի պատմության, գիտության փիլիսոփայության և տեխնոլոգիայի կոմիտեի Տրամաբանության, մեթոդաբանության և գիտության փիլիսոփայության բաժանմունքի փոխնախագահ Անա Բազակը՝ ներակայցնելով «Նախազգուշական սկզբունքը. դրա տրամաբանությունն ու կառավարումը» թեման:

Բանախոսն իր զեկույցում անդրադարձավ վտանգներին և դրանց կառավարելիությանը, ներկայացրեց իր փիլիսոփայական ուղղությունը՝ նախազգուշական մտածողությունը, դրա փուլերն ու կանխատեսելի վտանգները.«Ցանկացած ռիսկ կանխագուշակելու և նախազգուշական մոտեցում կազմակերպելու ամենակարևոր փիլիսոփայական սկզբունքը ներդաշնակությունն է: Եթե մարդն իրեն բնության հետ փոխհարաբերություններում ընկալում է ներդաշնակ, աշխարհայացքը դառնում է հստակ և կարողանում է հասկանալ՝ ինչ ռիսկեր կան, ինչպես դրանք դարձնել կառավարելի»:

Իոաննինայի (Հունաստան) համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի անդամ Ջորջիա Ապոստոլոպոլուն ներկայացրեց «Անտիկ հունական Լոգոսից դեպի Եվրոպական ռացիոնալություն» թեման:

Բանախոսի հիմնական զեկույցը հին հունական անտիկ փիլիսոփայության մեջ «լոգոս» տերմինի բազմիմաստության և գործառնության մասին էր: Ջորջիա Ապոստոլոպոլուն ներկայացրեց Արիստոտելի, Պլատոնի, Դեկարտի տեսությունները և ընդգծեց, որ տերմինը սոսկ հասկացություն չէ, այլ ունի իմացաբանական լուրջ նշանակություն, որն օգնում է ճանաչողության պրոցեսին:

Առաջին օրվա միջազգային դասախոսությունների շարքն ամփոփեց Հարավային Կոնեկտիկուտի (ԱՄՆ) պետական համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մարսուպեանը:

Պրոֆեսորը «Բացակայության ներկայությունը. տեղի հայկական լուսանկարչությունը Օսմանյան Անատոլիայում» թեմայի շրջանակներում ընդգծեց, որ իր ներկայացրած դասախոսությունը ունի ոչ այնքան փիլիսոփայական բնույթ, և առավելապես վերաբերում է հայկական լուսանկարչական արվեստի պատմությանը, դրա անցքերին:

Բանախոսը ներկայացրեց հայ համայնքի կողմից Օսմանյան կայսրության տարածքում արված լուսանկաները՝ ընդգծելով, որ լուսանկարչական արվեստը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից՝ իբրև արվեստի գործ և պատմավավերագրական նյութ.դրանք, այնուամենայնիվ, անքակտելիորեն կապված են:

Արմեն Մարսուպեանը նկատեց՝ որևէ լուսանկար հետազոտելիս չեն տարանջատում դրա գեղագիտական կամ վավերագրական արժեքը.«Լուսանկարները հետազոտվում են, որովհետև մի կողմից դրանք կարևոր փաստեր են, որոնք կարող են արտացոլել տվյալ ազգի, համայնքի մշակութային առանձնահատկությունները, ավանդույթները, սովորույթները, այլ կերպ՝ մարդաբանական վերլուծության առարկա, փաստացի նյութ»:

Պրոֆեսորը խոսեց նաև լուսանկարի մյուս գործառույթի՝ հասարակական արժեքի մասին և մանրամասնեց հայկական ընտանիքներում ունեցած լուսանկարի դերակատարման, Կոնստանդնուպոլսում գործող լուսանկարչական ստուդիաների, դրանցում արված կենցաղային և գեղագիտական արժեք ունեցող լուսանկարների մասին: