ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Եվրասիական համագործակցության երկրների մտավորականության դերը ինտեգրացիոն գործընթացներում» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկում:
Ձեռնարկին մասնակցում էին նաև ՌԴ-ի տարբեր համալսարանների 12 ներկայացուցիչներ, ՀՊՄՀ-ից դասախոսներ, հոգեբանության և սոցիոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներ:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը կարևորեց միջազգային կլոր սեղան-քննարկման անցկացումը և ընդգծեց, որ ֆակուլտետի փորձը օգտակար կլինի ներկաների համար. «Միասին պետք է փորձենք գտնել ինտեգրացիոն և այլ գործընթացներում հանդիպող հիմնախնդիրների լուծման բանալին»:
Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների դոկտոր Արմեն Սահակյանը ևս կարևորեց գիտական կլոր սեղանի անցկացումը և արդյունավետ աշխատանք մաղթելով ներկայացուցիչներին՝ իր զեկույցում անդրադարձավ ինտելեկտուալ էլիտայի կոնսոլիդացիային՝ որպես ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման նախապայմանի:
Կլոր սեղանի մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան ինտելեկտուալ կապիտալին, սոցիոլոգիական գիտության համատեքստում ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներին և ներկայացրին մի շարք սոցիոլոգիական վերլուծություններ: Պլենար նիստից հետո կլոր սեղանն աշխատանքը շարունակեց 2 մասնաճյուղերով: