«Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքային երկրորդ օրը շարունակվեց առցանց հարթակում.բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի նախագահությամբ՝ մասնակիցները հանդես եկան զեկուցումներով:
Բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանը (Համազգային արևմտյան շրջանի գրական միավոր, Լոս Անջելես, ԱՄՆ) ներկայացրեց ՙԳրաբարի արդի բառարանագրությունը և նրա խնդիրները՚ թեմայով զեկույցը, իսկ ՙՀայերենի բառապաշարի տեղաշարժերը 16-18-րդ դարերում և դրա նպաստը նոր հայերենի համար՚ թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդարանի Հայագիտական ծրագրերի և արխիվի պատասխանատու, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը:
Միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաև Արցախի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Մարգարյանը:
Վերջինս խոսեց անկախության շրջանի Արցախի բառարանագրության մասին, իսկ Կապանի տարածաշրջանի խոսվածքների բարբառային բառարանի կազմման սկզբունքներին անդրադարձավ Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Մանուչարյանը:
ՀՀ լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովի ավարտին համանախագահներ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանն ու ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ամփոփեցին երկօրյա աշխատանքի արդյունքները:
Վերջիններս շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին և հույս հայտնեցին, որ հետագայում ևս կշարունակեն իրենց համագործակցությունը՝ ի նպաստ բուհերում հայագիտական առարկաների դասավանդման արդյունավետության և հայագիտության զարգացման։
Գիտաժողովի զեկուցումները լույս կտեսնեն առանձին ժողովածուով։