Մանկավարժական համալսարանում շարունակվում է «Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը։
Երկրորդ օրն աշխատանքն ընթացավ 4 մասնաճյուղում․ Կրթության նորարարական տեխնոլոգիաների բաժանմունքում նախագահողներն էին դոցենտ Վահան Սարգսյանն ու պրոֆեսոր Նաիրա Դալյանը։
Զեկուցումներով հանդես եկան ՀՊՄՀ-ի և հանրապետության այլ բուհերի ներկայացուցիչներ։
Վերջիններս իրենց ելույթներում անդրադարձան հայ հին, միջնադարյան և մերօրյա մանկավարժության ընդհանրություններին և պարտադիր պահանջներին, երկլեզվության համատեքստում՝ օտար լեզուների դասավանդման օրինաչափություններին, նորարարական մտածողության զարգացմանը՝ որպես արդի մանկավարժության անհետաձգելի խնդիր, շախմատ առարկայի յուրացման ընթացքում սովորողների հուզական ինտելեկտի զարգացմանը նպաստող խաղերին և այլն։
Բարձրագույն կրթության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները մասնաճյուղը նախագահում էին պրոֆեսոներ Աիդա Թոփուզյանն ու Կամո Վարդանյանը։
Ապագա հոգեբանի մասնագիտական դիրքորոշման բաղադրիչների դինամիկան մանկավարժական պրակտիկայի ընթացքում, ավագ դպրոցականների կոնֆլիկտային փոխհարաբերությունների առաջացման սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, հոգեբանական կրթությունը որպես անձի ինքնօգնության ռեսուրս, բարձրագույն կրթության համակարգում՝ հեռավար կրթության կազմակերպման խնդիրները․ այս և ոլորտի մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ էին մասնաճյուղում ներկայացված զեկուցումները։
Երրորդ՝ Հանրակրթություն. մարտահրավերներ, զարգացման հեռանկարներ մասնաճյուղում զեկուցողներն անդրադարձան հանրակրթության գործընթացում կարողունակությունների վրա հիմնված գնահատման մոտեցումներին, ուսուցման նախագծային մեթոդին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը և այլն։
Աշխատանքներն այս մասնաճյուղում նախագահում էին պրոֆեսոր Լաուրա Ասատրյանն ու դոցենտ Հեղինե Խաչատրյանը։
Միջառարկայական կապերի կարևորումը մաթեմատիկայի հոսքային ուսուցման ընթացքում, զուգահեռ հարթություններով և գծավոր մակերևույթով սահմանափակված մարմինների ծավալների հաշվումը Սիմպսոնի բանաձևով, ուսուցման մեթոդների կիրառման առանձնահատկությունները մաթեմատիկայի մագիստրոսի կրթական ծրագրի ընտրովի դասընթացների ուսուցման գործընթացում, հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում կամածին ուշադրության դերը և ոլորտի այլ հիմնախնդիրներին անդրադարձան Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի մասնախմբում։
Աշխատանքները մասնաճյուղում նախագահեցին պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանն ու դոցենտ Քնարիկ Հովհաննիսյանը։
«Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի մասնաճյուղի աշխատանքներին հաջորդեց կլոր սեղան-քննարկում․ ծավալվեց հարց ու պատասախան։