ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Միջազգային հարաբերություններում պետք է ճիշտ հաշվել սեփական ուժերը»
20.03.2018
«Միջազգային հարաբերություններում պետք է ճիշտ հաշվել սեփական ուժերը»

Այսօր Մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների և Հենակետային վարժարանի աշակերտների հյուրն էր ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը:

Ապագա լրագրողների հետ հանդիպմանը վերջինս ներկայացրեց մանրամասներ Երևանում հոկտեմբերի 11-12-ն անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի վերաբերյալ, որը կրելու է «Ապրել միասին» խորագիրը:

Շուրջ 100 պատվիրակություն կմանկացի գագաթնաժողովին՝ 83 երկրների ու կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, դեսպաններ, քաղաքական գործիչներ, մի շարք միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներ, հարյուրավոր, զբոսաշրջիկներ և այլն. այդ օրերին աշխարհի քննարկման առանցքում Հայաստանն է:

Խոսելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելու կարևորության մասին՝ Վահագն Աթաբեկյանը նկատեց, որ միջազգային հարաբերությունները համեմատելի են մարդկային հարաբերությունների հետ. «Որքան ընդլայնված են միջազգային կապերը, այնքան մեծ են հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները»:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուրընկալելով բազմահազար հյուրերի՝ Հայաստանը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում կունենա աննախադեպ հնարավորություններ և հեռանկարներ։

Ապագա լրագրողները՝ ուսանողներն ու ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի աշակերտները Վահագն Աթաբեկյանին ուղղեցին իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերը, որոնք ներառում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաների լայն շրջանակ։

Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Աթաբեկյանին ուսանողների հետ հանդիպման և ապագա լրագրողներին գիտելիքներով զինելու համար՝ ևս մեկ անգամ կարևորելով նման մեծամասշտաբ ձեռնարկի անցկացումը մեր երկրի համար: