ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային մրցույթ-գիտաժողովին մասնակցեց նաև ՀՊՄՀ-ն
18.12.2017
Միջազգային մրցույթ-գիտաժողովին մասնակցեց նաև ՀՊՄՀ-ն

Մանկավարժական համալսարանի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վոլոգդայի գիտական կենտրոնի հետ համատեղ անցկացվեց «Երիտասարդ գիտնականները՝ տարածաշրջանի տնտեսությունում» խորագրով միջազգային գիտագործնական մրցույթ-գիտաժողով:

Օնլայն կոնֆերանսին, որը վարում էր Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Սահակյանը, մասնակցում էին բուհերի ներկայացուցիչներ 4 հանրապետություններից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա:

Մանկավարժական համալսարանից կոնֆերանսին մասնակցում էին Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի 5 դասախոս և 8 ուսանող, որոնք իրենց զեկույցներում ժողովրդագրական ճգնաժամի համատեքստում անդրադարձան վերարտադրողական առողջությանը, և ըստ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների՝ ներկայացրին շախմատի ուսուցման դժվարությունները:

Աբովյանականներն անդրադարձան նաև բժշկական-սոցիալական աշխատանքին և Հայաստանում այդ մասնագիտության դերին, հայ ընտանիքներում հակամարտությունների առանձնահատկություններին, սոցիալական գովազդի զարգացման մտադրություններին ու խնդիրներին և ներկայացրին բնակչության սոցիալական ծառայությունների նորարարական ձևերը:

Մանկավարժական համալսարանի պրոռեկտորներ Սրբուհի Գևորգյանն ու Արա Երեմյանը, Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը կարևորեցին գիտաժողովի անցկացումը՝ այն համարելով բացառիկ հնարավորություն երիտասարդ գիտնականների՝ ոլորտում առաջին քայլերը կատարելու տեսանկյունից:

Միջազգային գիտագործնական գիտաժողովի նպատակն էր երիտասարդ գիտանականների, ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների համար ձևավորել քննարկման հարթակ, ինչպես նաև հնարավորություն ընձեռել քննարկելու և վերլուծելու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրների և լուծման ուղիների վերաբերյալ հետազոտության արդյունքները:

Մասնակիցներից ընտրվեցին նաև լավագույն զեկուցողներ. 4 երկրների միջև օնլայն ձևաչափով անցկացված մրցույթ-գիտաժողովում 1-ին տեղին արժանացավ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Գոհար Մկոյանը, իսկ ՀՊՄՀ-ի մագիստրոս Մանյա Նիկողոսյանը զբաղեցրեց 3-րդ տեղը:

Դափնեկրերի արժանացան նաև նույն ամբիոնի դասախոս Քրիստինե Տանաջյանը, զեկույցի համահեղինակներ Նունե Գևորգյանն ու Նելի Մելքոնյանը, իսկ մյուս մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Ի դեպ, գիտաժողովի հոդվածները և զեկույցները կտպագրվեն գիտական էլեկտրոնային Elibrary.ru շտեմարանում, որը գրանցված է գիտամետրիկական РИНЦ բազայում: