2007 թվականից ՀՊՄՀ-ի Արտասահմանյան գրականության ամբիոնն անցկացնում է միջբուհական գիտագործնական գիտաժողովներ, որտեղ անդրադարձ են կատարվում համաշխարհային գրականության դասականների կյանքին և ստեղծագործություններին, թարգմանչական արվեստի հիմնախնդիրներին, գրական կապերին, ներկայացվում են գիտական ուսումնասիրություններ, նոր տեսակետներ և մոտեցումներ:
Ավանդական դարձած գիտաժողովը տասներորդն էր. ռուս դասականներ Մ.Լերմոնտովի, Ի.Տուրգենևի, Ա.Պուշկինի, Ս.Եսենինի և այլոց ստեղծագործությունների հայերեն թարգմանություններին էին նվիրված արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանի, ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Իննա Սարկիսյանի, Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության ամբիոնի ասիստենտ Գայանե Վարդազարյանի, արտասահմանյան գրականության բաժնի մագիստրոսների ուսումնասիրությունները:
Զեկուցողներն անդրադարձան թարգմանչական արվեստի հիմնախնդիրներին՝ կարևորելով թարգմանություններում բնագրի գաղափարա-գեղարվեստական, պատկերային, կառուցվածքային ամբողջականության պահպանումը:
Ամենատարբեր հետաքրքրական դիտարկումներ ներկայացվեցին նաև անհարկի թարգմանչական միջամտությունների ու բնագրի աղավաղման վերաբերյալ:
Լատինամերիկյան գրականության ամենավառ երևույթներից մեկին՝ «հողի վեպ»-ին և Խորխե Իկասայի վեպերին էր նվիրված ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անի Սահակյանի զեկույցը:
Ռուս գրականության Արծաթե դարաշրջանի մոռացված, բայց տաղանդավոր բանաստեղծ Վիլհելմ Զորգենֆրեյին, նրա և Ալեքսանդր Բլոկի հարաբերությունների մասին ներկայացրեց Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինե Բեջանյանը, իսկ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի համաշխարհային գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Կարինե Գուլանյանն էլ հանգամանորեն ներկայացրեց Ջոն Ֆաուլզի «Կոլեկցիոները» վեպը:
Մասնակիցները մեծ հետաքրքությամբ ունկնդրեցին զեկուցողներին, հնչեցին հարցեր, ներկայացվեցին կարծիքներ, ծավալվեց բուռն քննարկում:
Գիտաժողովի նյութերը զետեղվում են նաև գիտական աշխատությունների ժողովածուներում: Արդեն հրատարակվել է տասը ժողովածու, որոնցից երկուսը հոբելյանական են՝ նվիրված Լև Տոլստոյի (2012) և Միխայիլ Լերմոնտովի (2014) ստեղծագործությանը: