Շարունակվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՊՄՀ-ի ուսանողական խորհրդի հետ համատեղ անցկացվող «Ամառային դպրոց 2016» միջազգային ծրագիրը:
6 երկրից ժամանած շուրջ 90 ուսանողի հերթական օրը սկսվեց Սևան ազգային պարկ գերհագեցած էքսկուրսիայով:
Ուսանողները նախ եղան Հարսնաքար լողափում, ապա լողափնյա ակտիվ հանգստից ու զվարճանքներից հետո այցելեցին Աղթամար թերակղզի, բարձրացան և դիտեցին թերակղզու ամենախոշոր կոթողը` Սևանավանքը:
Օտարերկյա ուսանողները տարբեր մանրամասներ իմացան հայկական վանական համալիրի մասին, ծանոթացան դրա ճարտարապետությանը.«Չնայած Հայաստանին ոչ հատուկ քամոտ եղանակին` մենք կարողացանք վայելել մեր հերթական օրը: Լողափում լավ ժամանակ անցկացնելուց բացի, եղանք նաև Հայաստանի պատմական վայրերում, ինչը չափազանց կարևոր էր մեզ համար: Մասնագիտությամբ պատմաբան լինելով և ուսանելով կաթոլիկական համալսարանում` առավել հետաքրքրական էր հայկական վանքերի ուսումնասիրությունն ու պատմական նոր բացահայտումներ անելը»-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Բուդապեշտի Պիտեր Պազմանիի անվան համալսարանի ուսանող Գարդիկ Դանիելը:
«Ամառային դպրոց»-ի մասնակիցների օրվա շարունակությունն անցավ ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում, որտեղ միջազգային ծրագրում ընդգրկվածների համար դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը:
Վերջինս ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց մշակույթի ազդեցությունը կրթության վրա, մշակութային արժեքների ըմբռնման հիմնախնդիրներն ու մշակույթների երկխոսության կրթական արժեքը։
Ինտերակտիվ խաղ, պատկերային ներկայացումներ, տարբեր ֆիլմերից և ներկայացումներից հատվածների դիտում:
Դասախոսությանը հաջորդեց միջմշակութային հաղորդակցման ազդեցությունը և համագործակցություն կրթական գործընթացներում թեմաների վերաբերյալ ակտիվ քննարկում-բավնավեճեր` խառը, ինչպես նաև տարբեր երկրներ ներկայացնող ուսանողական խմբերով:
Տիգրան Միքայելյանն ընդգծեց, որ դասախոսության թեման արդիական է, որի հիմնական բովանդակային հենքը մշակույթները խորապես և օբյեկտիվ ճանաչելն է, նորն ու արդյունավետն ընկալելն ու, երբեմն նաև այլընտրանքային ճանապարհներ գտնելու անհրաժեշտությունն է: