Մանկավարժական համալսարանի թանգարանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Միջոցառումների մեկնարկը կատարեցին թանգարանում գործող «Պատանի էքսկուրսավար» խմբակի երեխաները, որոնք բուհի հիմնական դպրոցի աշակերտների համար անցկացրին ճանաչողական էքսկուրսիա:
Նրանք ծանոթացրին թանգարանային ցուցանմուշներին, բուհի պատմությանն ու ժամանակագրությանը:
Տոնական միջոցառումը շարունակվեց մատնակարչությամբ. երեխաները կավե սալիկների, ինչպես նաև թղթերի վրա նկարեցին մատներով՝ իրենց նախընտրած թեմաներով:
Միջոցառման ամենակրտսեր հյուրը 3-ամյա Էլինա Գարդյանն է: Նախ զարմանքով ծանոթացավ թանգարանային նմուշներին, ապա զբաղվեց միջոցառման կարևորագույն գործով՝ մատնանկարչությամբ, որի ընթացքում գույներով և նկարներով ապացուցեց՝ տրամադրությունը շատ բարձր է, երգելու և պարելու ցանկությունը՝ անսպառ:
«Առաջինն ինձ պապիկս է շնորհավորել: Նվերներ ստացել եմ, բայց դեռ սպասում եմ ամենակարևորին՝ մուլտֆիլմերի իմ սիրելի հերոսուհի Էլզային»,-նշեց փոքրիկ Էլինան ու հավելեց՝ լավ կլիներ, որ իրենց տոնը տարվա ընթացքում մի քանի անգամ նշեին:
9-ամյա Ռաֆայել Մոմչյանը ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտներից է: Օրվա առաջին շնորհավորանքն ստացել է մայրկից, նվերը՝ քույրիկից: old.aspu.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ արձակուրդներ են և առավոտյան դեռ ընկերներին չի հասցրել շնորհավորել, բայց բարեմաղթանքներ այսպես էլ կարող է ուղղել. «Ուզում եմ, որ բոլոր բալիկները առողջ լինեն, լսեն ծնողներին, իսկ տղաներն անպայման ծառայեն բանակում»,-հավելեց Ռաֆայելն ու հիշեցրեց իր ամենակարևոր ցանկությունը՝ ապրել խաղաղ հայրենիքում, ուր պատերազմներ այլև չեն լինի:
ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտներից Արամ Գումրիկյանը 10 տարեկան է. նախ ուշադրությամբ մասնակցեց թանգարանի էքսկուրսիային, ապա միացավ գույների ու խաղերի տոնին և իրենից փոքրերի հետ միասին օրվա տրամադրությունը հաղորդեց գունավոր թղթերին, գույնզգույն ներկերին:
«Օրն այսօր շատ ուրախ եմ սկսել, որովհետև իսկական տոն է՝ լի փուչիկներով, համբույրներով ու շնորհավորանքներով»,-նշեց Արամ Գումրիկյանն ու աշխարհի մանուկներին մաղթեց իր համար կարևորագույնները՝ ընկերասիրությունն ու ծնողներին լսելու պարտադիր պայմանը:
Միջոցառումն ուղեկցվեց տոնական երաժշտությամբ և հետաքրքիր խաղերով՝ երեխաների ու ներկաներին հաղորդելով տոնական բարձր տրամադրություն: