Մանկավարժական համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնի և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) նախաձեռնությամբ անցկացվեց ռուս ականավոր բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևի ծննդյան 215-ամյակին նվիրված միջոցառում:
«Պուշկինի ինստիտուտի» ռուսաց լեզվի ուսուցման թեստավորման կենտրոնում անցկացված ձեռնարկը կազմակերպվել էր IX-րդ հանրապետական «Գրական տարեդարձ» փառատոնի շրջանակներում, որին մասնակցում էին դպրոցներ և բուհեր:
Միջոցառմանը օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնի 2-4-րդ կուրսի ուսանողները անդրադարձան Տյուտչևի կյանքին, ստեղծագործական ուղուն, ասմունքեցին նրա սիրային հայտնի բանաստեղծությունները, որոնք ուղեկցվում էին տեսասահիկներով:
Ֆ.Ի. Տյուտչևը համաշխարհային երևույթ է, որ գրականություն բերեց իր ոճն ու փիլիսոփայությունը, գրողի պոեզիան աչքի է ընկնում թեմաների և կերպարների ինքնատիպությամբ:
ՀՊՄՀ-ի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Իննա Սարկիսյանի նախաձեռնած միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցիչներ Օլգա Լիկովան և Սոնա Սարաջյանը: Օլգա Լիկովան շնորհակալություն հայտնեց ամբիոնին միջոցառումների կազմակերպման համար, նրանց հանձնեց պատվոգիր և ռուսալեզու գրականություն: