Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Հասարակագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողների պրակտիկայի շրջանակներում Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 թիվ հիմնական դպրոցի 8ե–րդ դասարանի աշակերտների հետ համատեղ կազմակերպվել էր միջոցառում:
Միջոցառման նախաձեռնողները Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, Մանկավարժական համալսարանի ուսանողներ Արա Հարությունյանը, Էդգար Բոցինյանն ու Գարիկ Ավետիսյանն էին:
Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին բանաստեղծություններ, երգեր՝ գովերգելով հայի քաջ, անվախ տեսակը, երբ ամենաթեժ մարտերում անգամ երդվել են չնահանջել:
Աշակերտները շատ լավ են հիշում 2016-ի ապրիլը, և այսօր՝ պատերազմից երեք տարի անց, իրենց խոսքով ապացուցեցին ու վերահաստատեցին, որ մշտապես հիշելու և հարգանքի տուրք են մատուցելու Ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակին:
old.aspu.am-ի հետ զրույցում ուսանող Արա Հարությունյանը, որը եղել է Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Քյարամ Սլոյանի զինակիցը, ընդգծեց՝ այս հայրենասիրական դաս-միջոցառումը վառ ապացույցն է, որ երբեք չեն մոռացվելու քառօրյա պատերազմում սրբագործվածներին. «Նրանք մնացին հավերժ սահմանապահ, որ երեկոյան անվանականչին միշտ «ներկա» են լինելու»: