ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցում են սոցիոլոգները ․․․
05.05.2023
Մրցում են սոցիոլոգները ․․․

Այսօր ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Սոցիոլոգիա․ օլիմպիադա 2023»-ը։

Մասնակիցները «Սոցիոլոգիա» մասնագիտության 2-3 կուրսի ուսանողներն էին․նպատակն էր ստուգել այդ ոլորտում մասնագիտական կարողությունները, ամրապնդել գիտելիքներն ու համագործակցությունը։

Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, կարևորելով ձեռնարկը, ընդգծեց՝ սոցիոլոգիան որպես գիտություն, ունի իր անելիքները, տեղն ու դերը աշխարհում․ հենց այս մասնագիտության շնորհիվ է հնարավոր տալ ճիշտ գնահատականներ։

Նա ցավով նկատեց, որ այսօրվա թվային աշխարհում քիչ է բարձրաձայնվում սոցիոլոգիայի կարևորության մասին, սակայն գիտությունն ունի իր տեղն ու դերը, իսկ օլիմպիադան լավ հնարավորություն է մասնագիտության մեջ խորանալու և ստուգելու ուսանողների մնացորդային գիտելիքները:

Ամբիոնի վարիչ Գայանե Խաչիկյանը մաղթեց ակտիվ բանավեճ, արդյունավետ մրցակցություն և գիտելիքների ամբողջական ներկայացում:

Օլիմպիադան ընթացավ երեք փուլով․ «Անհայտներ» և «Սոցդոկտորներ» թիմերը գիտելիքի ցուցահանդես դիտարկեցին այն։ Ոլորտային հարցերում թեժ մրցապայքար ծավալվեց, որի արդյունքում 8-9 հաշվով հաղթող ճանաչվեց «Սոցդոկտորներ» թիմը։

Ինչու՞ «Սոցդոկտորներ»․ թիմի անդամները մեկնաբանում են՝ ընդունված կարծիքի համաձայն՝ հենց նրանք են համարվում «հասարակության բժիշկներ», որոնք վերհանում են առկա խնդիրերն ու դրանց տալիս լուծումներ։

«Անհայտներ» թիմն էլ հույս հայտնեց, որ նման ձևաչափերը նաև կօգնեն մեկ անգամ ևս ընդգծել գիտության կարևորությունն ու դարձնել այն մասսայական։

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս, օլիմիպիադայի կազմակերպիչ Սյուզաննա Եղիազարյանը շնորհավորեց մասնակիցերին՝ հանձնելով հաղթական գավաթն ու, որպես խրախուսանք, նվիրելով գրքեր և համերգային տոմսեր։