Օրերս Թաթարստանի մայրաքաղաք Կազանում անցկացվեց միջազգային մեծաբասշտաբ համաժողով՝ նվիրված մշակույթների փոխազդեցությանն ու երկխոսությանը, ինչպես նաև հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ հանդուրժողականությանը:
Մանկավարժական համալսարանից ֆորումին մասնակցում էին Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ու Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս Լիանա Գևորգյանը:
50 երկրի շուրջ 200 ներկայացուցիչներ չորսօրյա համաժողովի ընթացքում գիտական զեկույցների շրջանակներում քննարկեցին միջմշակութային փոխհարաբերություններն ու երկխոսության անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվող ձեռնարկի շրջանակներում Սվյաժեսկ քաղաքում բացվեց 17-րդ դարի հնության փայտի հնագիտական թանգարան:
ՀՊՄՀ-ի ներկայացուցիչները ֆորումի օտարազգի մասնակիցներին ներկայացրին Մեծամորի հնագիտական հուշարձանների և արգելոց-թանգարանի հեռանկարների մասին:
Պրոֆեսոր Փիլիպոսյանն old.aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Մոլդովայի, Ղրղզստանի և Թաթարստանի ներկայացուցինչը մեծ հետաքրքրություն դրսևորեցին հայկական պատմամշակութային հնագիտական արժեքների հանդեպ և հանդես եկան համատեղ աշխատելու առաջարկներով:
«Չնայած Հայաստանը մասնակից երկրների շարքում ամենափոքրն է, սակայն այս ոլորտում լուրջ ասելիք ունի. մեր երկրում խիտ են տեղաբաշխված պատմամշակութային ժառանգության անշարժ հուշարձանները՝ շուրջ 25 000»,-նշեց պրոֆեսորն ու հավելեց, որ Բոլգար քաղաքի պատմամշակութային կենտրոն-արգելոց թանգարանին առաջարկվել է համատեղ մշակել Մեծամորի, Լճաշենի, Լոռի բերդի տարածքներում պեղված 3,5 հազար տարվա պատմություն ունեցող փայտե իրերը:
Խոսելով ֆորում արդյունավետության մասին՝ Աշոտ Փիլիպոսյանն ուրախությամբ նկատեց, որ նման ձեռնարկներին մասնակցությամբ մեծանում է տարբեր երկրների հնագետների հետաքրքրությունը մեր երկրի հնագույն պատմության ու մշակույթի հանդեպ: