Ինտելեկտուալ խաղ, երաժշտություն, ծանոթություն ազգային նվագարանների, թատրոնի, կինոյի պատմությանը և ֆիլմի դիտում. «Ամառային դպրոց 2017» միջազգային ծրագրի 6-րդ օրը մշակութային էր:
Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Երզնկյանը ուսանողներին ներկայացրեց հայ կինոինդուստրիայի և թատրոնի պատմությանը: Դասի ավարտին ուսանողները տարբեր խմբերով մասնկացեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին, որում ընդգրկված էին համաշխարհային կինոյի և թատրոնի վերաբերյալ հարցեր: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին Աննա Երզնկյանը նվիրեց անգլերեն և ռուսերեն թարգմանությամբ հայկական ֆիլմերի սկավառակ, իսկ «Լավագույն խաղացողը» ստացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից հրատարակված «Հայկական կինոմիտք» գիրքը:
Հայկական երաժշտության և ազգային նվագարանների վերաբերյալ հաջորդ դասախոսության ընթացքում մասնակիցներին հյուրընկալվել էին ՀՊՄՀ- ի Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, նույն ամբիոնի պրոֆեսորներ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանն ու դուդուկահար Հրաչիկ Նազարյանը:
Ուսանողները ծանոթացան ժողովրդական գործիքների պատմությանը, ապա վայելեցին հյուրերի կենդանի կատարումները:
«Ես զարմացած և միևնույն ժամանակ ուրախ եմ, որ մեզ հյուրընկալել է Արա Գևորգյանը: Դա իսկապես մեծ պատիվ է, քանի որ նրա ստեղծագործություններըը երբեք չեն հնանում»,-նշեց Մոսկվայի հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանող Պավել Նաստերենկոն և ուրախությամբ նկատեց, որ հենց տեղում պարզեց` իրեն քաջածանոթ մի շարք ստեղծագործությունների հեղինակը հենց Արա Գևորգյանն է:
Ծրագրի 7-րդ օրը ծրագրի մասնակիցներն ուղևորվեցին Սևանա լիճ և այցելեցին Սևանավանք: Մոսկվաբնակ ուսանողուհի Սվետլանա Կոչետկովան խոստովանում է` մինչև Հայաստան գալն իրեն ասել էին, որ այստեղ ծով չկա, բայց համոզվեց, որ Սևանա լիճն իսկական հրաշք է: Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան համալսարանի ուսանողուհին էլ հավելում է, որ Հայաստանի բնությունը հիասքանչ է, իսկ մարդիկ` հյուրընկալ:
Օրն ամփոփվեց Աղավնաձորի ուսումնամարզական բազայում, ուր տղաները մրցեցին ֆուտբոլ, իսկ աղջիկները` վոլեյբոլ մարզաձևերում: