ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մշակութային զարկերակ՝ Մանկավարժականում
27.05.2025
Մշակութային զարկերակ՝ Մանկավարժականում

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհուրդը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ` «Մշակութային զարկերակ»  նախագծով, որն իր շուրջն էր համախմբել բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողների:

Կուլտուրայի ֆակուլտետի բեմում ուսանողները, ըստ իրենց մասնագիտական ուղղվածության, ներկայացրին երգ, պար, ասմունք, բեմադրություններ՝ հետաքրքիր սցենարների միջոցով անդրադարձան իրենց մասնագիտությանն ու դրանք համեմեցին ուսանողական առօրյան ամփոփող տեսահոլովակներով:

Ուսանողական նախաձեռնության գաղափարը ողջունեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ ընդգծելով միջֆակուլտետային մշակութային փոխներգործության կարևորությունը.«Մշակույթը կոլեկտիվ իրականության դրսևորման այնպիսի արտացոլման հնարավորություն է, որտեղ յուրաքանչյուրի հոգեբանական անհատականության գծերի յուրատիպ դրսևորումը, ճաշակը, ներանձնային ուղղվածությունը, արժեհամակարգն էլ ավելի հստակ է բացվում, ուրվագծվում և միմյանց ճանաչելու հնարավորություն է ստեղծում»:

Լրագրության բաժնի ուսանող Սիմոն Հովհաննիսյանը նկատեց՝ սա պարզապես միջոցառում չէ. այն մշակույթն է՝ շարժման մեջ, խոսքը՝ ապրումի, հույզը` արվեստի. «Սրանք մեր հոգու և սրտի զարկերն են, որ  միաձուլվում  են մեկ բեմում՝ վերածվելով անմոռանալի մշակութային պահերի»:

Նախագծի շրջանակներում հրապարակվեցին «ՀՊՄՀ-ն մենք ենք» տեսահոլովակների ու նկարների  մրցույթում հաղթած ֆակուլտետների անունները, այնուհետև ելույթ ունեցան ուսանողները, որոնք ներկայացրին ոչ միայն իրենց ֆակուլտետը, այլև աշխարհայացքը, արժեքները և սիրո խոստովանությունն առ մշակույթ:

Միջոցառմանը յուրահատուկ հմայք հաղորդեց կարմիր թելի արարողությունը, որ դահլիճի տարբեր անկյուններով տարածեցին ներկաները, խորհրդանշելով մշակութային զարկերակը:

«Նախաձեռնության նպատակն էր խթանել ուսանողների ստեղծագործական ունակությունները, միավորել բոլոր ֆակուլտետների ուսանողներին մշակութային ասպարեզում, նախաձեռնել ծրագրեր՝ ուղղված Հայաստանի կրթական,մշակութային ավանդույթների տարածմանը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՈւԽ-ի նախագահ Պարույր Գալստյանը:

Ուսանողները օրը լցրին մշակութային գեղեցիկ կատարումներով՝ բացահայտելով յուրաքանչյուր ուսանողի ստեղծագործական ներուժն ու բեմի վրա դրսևորվելու հնարավորությունն ու համարձակությունը:

Նշենք, որ միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև Երևանի Գայի անվան N 29 դպրոցի աշակերտների նկարչական աշխատանքները: