ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մշտադիտարկեցին ծրագրի իրականացման գործընթացը
18.01.2024
Մշտադիտարկեցին ծրագրի իրականացման գործընթացը

«Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Մանկավարժական համասարանում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի մշտադիտակման խումբը։

Խմբի անդամները շրջայց կատարեցին կենտրոնի վերանորոգված լաբորատորիաներում և լսարաններում, մշտադիտարկեցին ծրագրի իրականացման ժամանակացույցով սահմանված գործողությունների կատարման ընթացքը։ Նշենք, որ այս պահին արդեն իսկ ավարտված են վերանորոգման և նոր գույքով կահավորման աշխատանքները․ընթացքի մեջ է լաբորատոր սարքավորումների ձեռքբերման գործընթացը։

Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակը ՀՊՄՀ-ում ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնումն է։ Այն միտված է լինելու ներկա և ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը, նորարարական, գործնական և հետազոտական հմտություններով, կարողություններով զինված մասնագետների պատրաստմանը։

Իր տեսակով եզակի կենտրոնը հնարավորություն կտա արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը։

Այն նախատեսում է նաև զարգացնել ԲՏՃՄ ոլորտում սովորող ուսանողների՝ ապագա մանկավարժների և գործող ուսուցիչների ուսուցչամեթոդական, հետազոտական և ստեղծագործական հմտությունները՝ ստեղծելով նյութատեխնիկապես վերազինված ժամանակակից գերազանցության կենտրոն։

Կենտրոնն իր մեջ ներառելու է 6 լաբորատորիա, 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների և վերապատրաստման ժամանակակից սրահ և մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարան:

Ծրագրի շրջանակներում գործող և ապագա ուսուցիչների համար ԲՏՃՄ կրթության ոլորտում կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ․ մասնակիցները կծանոթանան հանրակրթության նոր չափորոշիչներով սահմանված ուսուցման նորարար մեթոդներին և լաբորատոր աշխատանքներին։

Այս ամենին զուգահեռ՝ ՀՊՄՀ-ում կիրականացվի ուսումնակրթական մասի բովանդակային մշակում, ԲՏՃՄ ոլորտի մասնագետների վերապատրաստում արտերկրում, կասկադ վերապատրաստումներ։

Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամը․ավարտը սահմանված է 2025 թվականը։