ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են ինչպես բուհում, այնպես էլ դրանից դուրս՝ մեծացնելով աշխարհագրությունը:
Այս անգամ բուհի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները հյուրընկալվել էին «Շիրակացու ճեմարան» միջազգային կրթահամալիրում:
Առաջնորդվելով «365 օր դպրոցում՝ աշակերտի և ուսուցչի հետ» կարգախոսով՝ ֆակուլտետի նախաձեռնությամբ կրթահամալիրում կայացավ «Մտագրոհ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի այցեքարտ դարձած խաղին ՀՊՄՀ ուսանողներից, կրթահամալիրի սաներից բացի, մասնակցում էին նաև Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան Տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտները:
Արդեն երրրոդ անգամ կազմակերպվող խաղի նպատակը նույնն է՝ բարձրացնել աշակերտների և ուսանողների իրազեկվածությունը զարգացման տարբեր խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ՝ զինելով նոր գիտելիքներով:
Վիճակահանության միջոցով ձևավորված 5 թիմերի միջև ընթացավ թեժ պայքար. երկու փուլից բաղկացած մտագրոհում չկան պարտվողներ. մասնակիցները ցուցաբերեցին տրամաբանության, գիտելիքների, իրազեկվածության բարձր մակարդակ:
Այդ մասին բարձրաձայնում է նաև ժյուրիի անդամ, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը:
Նա նկատում է՝ խաղ-մրցույթի խորագիրը խոսուն է. ներկաները տեղեկացված են համընդհանուր ներառման քաղաքականության մասին, իսկ յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն, անկախ թե ինչ բառ կկիրառի, ձևավորվում է սիրո, հավասարության հենքով. «Մասնակիցները, որոնց շարքում կային նաև հատուկ կարիքներ ունցող աշակերտներ, մեկ անգամ ևս փաստեցին՝ չկան խնդիրներ, կա սիրո մթնոլորտ, խորը գիտելիքներ, սովորելու, կայանալու և հասարակության մեջ սեփական այցեքարտը ներակայացնելու մեծ ցանկություն: Այսօր մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մարդկային հնարավորություններն անսահմանն են, իսկ ներառականությունը՝ սեփական գիտելիքներով կիսվելու, միմյանց աջակցելու պատրաստակամությունն է»:
Վերջինս հավելում է՝ ֆակուլտետում ևս ունեն զարգացման տարբեր խնդիրներով ուսանողներ, որոնք իրենց ծավալած գործունեությամբ փաստում են՝ կարևորը ցանկությունն է. մարդն ամենակարող է, միայն թե կարևոր է կողքիդ ունենալ մարդկանց, որոնք պատրաստ կլինեն կիսվել գիտելիքներով և կարողություններով:
Սիրանուշ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց կրթական հաստատություններին՝ համատեղ ձեռնարկի համար, և վստահեցրեց, որ բուհի որդեգրած քաղաքականությունը նաև նման ձեռնարկների միջոցով հնարավորություն կտա քարտեզագրել դպրոցում եղած խնդիրներ։ Նաև կօգնի ապագա մանկավարժին՝ զինվել հարուստ գիտելիքներով և արդյունավետ մեթոդներով, որոնցով կհարթի աշակերտի ուղին:
Միջոցառման ընթացքում կրթական հաստատությունների սաները ներկայացրին երաժշտական կատարումներ:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի կողմից շնորհակալագրեր հանձնվեց «Շիրակացու ճեմարան» միջազգային կրթահամալիրի և Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան Տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի ներկայացուցիչներին, իսկ «Մտագրոհ»-ի մասնակիցները ստացան մասնագիտական գրքեր:
Նշենք, որ ֆակուլտետը տարատեսակ ձեռնարկներ է կազմակերպում երևանյան այլ դպրոցներում ևս. օրերս Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոսները Երևանի թիվ 198 ավագ դպրոցում էին: